Նաիրա Կարապետյանը կմիջնորդի, որ Էթիկայի հանձնաժողովն իր հարցը քննի դռնբաց
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը միջնորդելու է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը իրեն վերաբերող դիմումի քննությունն անցկացնի դռնբաց: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Նա կտրականապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու ասաց, որ դիմումի շուրջ բոլոր հարցերին կպատասխանի ու բացատրություններ կտա միայն Էթիկայի հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք` պատգամավորի վարքի վերաբերյալ դիմում ԱԺ Էթիկայի հանձնաժողով ներկայացրել էր «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել Երևանի «Մոսկվայի տան» տնօրենի դիմումը` տեխնիկական խնդիրների պատճառով: «Որոշ խնդիրներ կան դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,-հավելեց Հարությունյանը:
Նշենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել էր իր և պատգամավորի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը. «Խոսակցության առաջին րոպեներից առկա էր լարվածություն… նա ինձ ասաց, որ ես վիրավորել եմ իր մայրիկին, ինչին ես արձագանքեցի, թե դա հնարավոր բան չէ: Ես ասացի` դուք կարող եք պատկերացնել, թե ես վատ եմ խոսել այդ կնոջ հետ, ինչին պատգամավորը կոպտորեն ինձ միջամտեց` ոչ թե այդ կնոջ, այլ` այդ հարգելի կնոջ…. Ես չեմ ուզում փոխանցեմ այդ վրվովեցուցիչ խոսակցության մանրամասները, որոնք ինձ հիմա էլ ցավ են պատճառում, բայց նա պահանջում էր, որպեսզի ես հենց այդ պահին զանգահարեմ մորը, ներողություն խնդրեմ, որովհետև, իբրև թե, ո՞վ եմ ես, որ նրան վիրավորեմ: Ինձ, բնական է, դուրեկան չէր այն տոնը, որով նա ինձ հետ խոսում էր` ես երիտասարդ կին չեմ և ասացի այդ մասին, բայց նշեցի նաև, որ եթե ես մեղավոր եմ, ապա անպայման ներողություն կխնդրեմ: Բայց ես պետք է իմանամ ինչի՞ համար եմ ես ներողություն խնդրում: Սրան ի պատասխան նա գոռաց` ա~խ, դու դեռ պետք է ճշտես…. Դրան հաջորդեցին շատ ու շատ տհաճ բաներ, տհաճ խոսակցություն էր բարձր ու կոպիտ տոնայնությամբ` նա գոռում էր, թե ով եմ ես, ով է ինձ նման իրավունք տվել, և ով է ինձ իրավունք տվել զանգահարել մորը, մինչդեռ ես բացատրում էի, որ ես չեմ զանգահարել, հետո վրդովվում էր, թե ով եմ ես, որպեսզի որոշեմ, ով է լինելու թեկնածուն… Նա անգամ հայտարարեց, թե ես նման պահվածքով հարվածի տակ եմ դնում հայ-ռուսական հարաբերությունները…»,- հուզված վերհիշել էր տիկին Թութունջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները