Հետազոտություն. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է նույնանման
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է նույնանման, բոլորն այս կամ այլ կերպ քննադատում են իշխանություններին, ընտրակաշառքների և ընտրողների վրա ճնշումների մասին կոնկրետ փաստեր ԶԼՄ-ները գրեթե չեն հրապարակում, իսկ ընդդիմության հասցեին արվող քննադատությունը սահմանափակ է: Ահա այսպիսին են ապրիլի 7-ից ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի լուսաբանման վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Կովկասյան ինստիտուտ ՀԿ-ների իրականացրած հետազոտության հիմնական եզրակացությունները:
Վերլուծության արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կազմակերպությունների հետազոտողները: Հետազոտության համար փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց (tert.am, slaq.am, news.am, 1in.am, asekose.am): Այդ ընտրությունը փորձագետները բացատրեցին տվյալ կայքերի ունեցած վարկանիշով, որը չափվում է կայքեր հաճախած ընթերցողների քանակով`ըստ circle.am և alexa.com կայքերի տվյալների:
Փորձագիտական խմբի անդամ Տաթև Սարգսյանը ներկայացրեց նաև վերլուծության քաղաքական կողմը, որի համաձայն ԶԼՄ-ների լուսաբանումը աչքի է ընկել մի շարք առանձնահատկություններով:
«Երեք կուսակցություն և մեկ դաշինք՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Բարև Երևան» իրենց ներկայացնում են որպես ընդդիմադիր: Չնայած ԲՀԿ-ն իրեն չի հռչակել ընդդիմադիր, սակայն ոչ միայն հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, այլև փաստացի իրեն հռչակել է ընդդիմության առաջնորդ, քանի որ ի տարբերություն այլ ընդդիմադիր կուսակցությունների, չի հնչեցնում քննադատություն ընդդիմադիր ուժերի դեմ»,- նշեց Տ. Սարգսյանը:
Երկրորդ եզրակացությունը, որ բացահայտվել է հետազոտության արդյունքով, ըստ Տ. Սարգսյանի, քարոզարշավի ժամանակ գաղափարական քաղաքական ճգնաժամն է, քանի որ որևէ կուսակցություն, իր քարոզարշավի մեջ չներառեց գաղափարախոսական հիմնադրույթներ. «Ամենաակնառու օրինակը ՀՅԴ-ն է, որը ընտրողներին առաջին հերթին հայտնի է որպես գաղափարախոսական կուսակցություն: ՀՅԴ-ն ևս հրաժարվել է գաղափարախոսական քարոզարշավից»,- ընդգծեց փորձագետը:
Վերջինս երրոդ եզրակացության մասին խոսելիս նկատեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ավելացել է տարբեր ընտրական տեխնոլոգիաների օգտագործումը, և որպես օրինակ նշեց ՕԵԿ կուսակցության քարոզարշավը. «Կիրառվում է պոպուլիզմ՝ փորձելով շահարկել երևանցիների երբեմն ոչ այդքան դրական վերաբերմունքը այլ մարզերից ժամանած համաերկրացիների հանդեպ»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վերջինս թվարկեց հաջորդ եզրակացությունները, որոնց համաձայն ԶԼՄ-ներով չեն լուսաբանվել քաղաքի և երկրի կոնկրետ խնդիրները, իսկ հիմնական թեմաներն են «ընտրություններն» ու «ներքին քաղաքականությունը»: ԶԼՄ-ների լուսաբանումից փորձագետները եզրակացրել են նաև, որ իշխող կուսակցությունն ամեն ինչ արել է այս ընթացքում ընտրությունների «ոչ քաղաքական» բնույթն ապացուցելու համար՝ ի տարբերություն ընդդիմադիր կուսակցությունների: Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ հնչեցված հիմնաբառերին, ապա դրանք են՝ «քաղաքական մենաշնորհ», «միգրացիա» և «համաչափ զարգացում» արտահայտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները