Պատգամավորը պետք է պատգամավոր լինի, ոչ թե գողական. Ոստիկանապետի փեսան մեկնաբանել է նրա հայտարարությունը
«Պատգամավորը պետք է պատգամավոր լինի, ոչ թե գողական», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը` մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում արած հայտարարությունը:
Ի դեպ, Արթուր Գևորգյանը Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Հիշեցնենք` Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքից հետո ասուլիսում հայտարարել էր, որ իր առաջին տեղակալին զանգել են ու խնդրել աղմուկ չհանել կատարվածից ու հավելել. «Դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա»:
Լրագրողները եհտաքրքրվեցին, թե ոստիկանապետի փեսայի համար ընդունելի՞ է Գասպարյանի ձևակերպումը, պատգամավորը պատասխանեց. «Եթե կա ձևակերպումը, ուրեմն ընդունելի է: Արդյո՞ք տվյալ պատգամավորի համար ընդունելի է նման ձևակերպումը, թե ոչ, պետք է գտնել էդ պատգամավորին և հարցն ուղեք իրեն»:
Նրա խոսքով, նախընտրելի է, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձության գնահատականը տա Գյումրիի բնակիչը: «Ես կարծում եմ՝ դրա համար կա ժամանակ, և այս խոսակցությունները որոշ ժամանակ հետո պարզ կդառնան, և գյումրեցու գնահատականը կերևա»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե ո՞ր ոստիկանապետի օրոք էր Գյումրիում կրիմինալն ավելի շատ գլուխ բարձրացրել, նա պատասխանեց, որ կրիմինալը մեկ օրում չի գլուխ բարձրացնում: «Կրիմինալն ունենում է պատմություն: Եթե կա պատմություն, ուրեմն դա շատ վաղուց է գալիս, և պետք չէ դա ինչ-որ մի ոստիկանապետի աշխատանքի ժամանակահատվածի հետ կապել: Կարծում եմ՝ նման երևույթները դա մեր բոլորի բացթողումն են, ոչ միայն ոստիկանության: Մենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է ձեռնամուխ լինենք, որպեսզի նման արատավոր երևույթներ չձևավորվեն մեր շրջապատում»,- ասաց նա:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Վլադիմիր Գասպարյանի նշած գողականը հայտնվում Ազգային ժողովում, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ դա չի նշանակում, թե գողական է հայտնվել Ազգային ժողովում: «Ուղղակի հարցադրումը ճիշտ չի եղել, և պատասխանն է ադեկվատ եղել: Ինչպիսի հարց, էնպիսի պատասխան»,- ասաց Գևորգյանը: