Կղզիացած Բագարան. Սահմանամերձ գյուղի միակ տրանսպորտը չի աշխատում
Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչները «շվարած են». սահմանամերձ գյուղը Արմավիր քաղաքին կապող միակ երթուղային տաքսին արդեն երկար ժամանակ է` չի աշխատում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները դժգոհեցին իրավիճակից` ասելով, թե իրենք մտածել են, որ դա ժամանակավոր բնույթ է կրել, սակայն արդեն երկար ժամանակ է` երթուղային տաքսիները չկան, ինչն էլ անհանգստացրել է գյուղաբնակներին:
Թուրքիային սահմանակից այս գյուղում գյուղացիների զբաղմունքը այգեգործությունն ու անասնապահությունն է: Մարդկանց մեծ մասն այստեղ ապրում են ինչպես Հայաստանի մյուս գյուղերում` սոցիալապես ծանր վիճակում: Խմելու ջուր չկա, և ժամանակակից Հայաստանի այս գյուղում խմելու ջուրը կանայք կրում են «ղանթարներով»: Գյուղացիների առօրյա հոգսերի թվին ավելացել է նաև մարզկենտրոն Արմավիրի հետ կապող փոխադրամիջոցի պակասը: «Հելնում, կանգնում ենք գյուղամեջ, որ տենանք, ով էդքան բարի կլնի, որ մեզ հասցնի Հոկտեմբերյան (Արմավիր)», -մեզ հետ զրույցում իր վիճակը ներկայացրեց բնակիչներից մեկը, որն արդեն մի քանի օր է փորձում է գալ Երևան, բայց չի կարողանում:
Բագարանի գյուղապետ Գևորգ Մարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երթուղային գծի նախկին վարձակալի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հունվարին և դրանից հետո մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթներին ոչ մի ընկերություն մասնակցելու հայտ չի ներկայացնում: «Հունվարից հետո մի ամիս, երկու ամիս մի տղա էկավ յոլա տարավ, մինչև մրցույթ հայտարարեցին, բայց մրցույթում էլ մասնակից չկա: Ձեռ չի տալիս, դրա համար ոչ մեկ չի մասնակցում` հարկերը շատ են», -ասաց գյուղապետը:
Պարոն Մարգարյանը չթաքցրեց, որ ապագայում էլ չի լինելու փոխադրամիջոց: «Դե ձեռ չի տալիս, ո՞վ կգա, աշխատի», -պատճառն ասաց գյուղապետը:
Հարցին, թե ինչ են անելու գյուղացիները, ինչպե՞ս են հասնելու քաղաք, Մարգարյանը պատասխանեց. «Նույն հարցն էլ ես եմ տալիս` բա լավ ոնց են անելու: Մարզպետարանը մրցույթներ հայտարարում ա, բայց մասնակցող չկա, ո՞նց անեն»:
Տրանսպորտի և կապի նախարարությունից Panorama.am-ին խոստացան հարցին պատասխանել հարցերը գրավոր ուղղելուց հետո: