Երևանի քաղաքապետի թեկնածուների մտահոգությունները՝ քաղաքի ճարտարապետական տեսքի վերաբերյալ
«Երևանի նորընտիր քաղաքապետը հենց առաջին օրվանից պետք է սառեցնի Երևանի կենտրոնում իրականացվող բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, արագ անդրադառնա յուրաքանչյուր որոշմանը. որոնք, իրոք, թույլատրված են օրենքով, շարունակվեն, իսկ որոնք արվում են ի հաշիվ Երևանի դիմագծի աղավաղման, այդ հարցերում պետք է առանձնակի որոշում կայացվի»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրված քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագան ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ Երևանի ճարտարապետական տեսքին վերաբերող հարցերը լինելու են իրենց անմիջական ուշադրության կենտրոնում, քանի որ «այլանդակություններն այնպիսիս աստիճանի են հասել, որ եթե չկանգնեցնենք, Երևանը անճանաչելի կդառնա»:
Քննարկմանը ներկա ՀՅԴ ցուցակը գլխավոր Արմեն Ռուստամյանն էլ այն կարծիքին է, որ կենտրոնում պետք է շինարարությունը դադարեցվի: Նրա խոսքով, Երևանի քաղաքապետը չպետք է սպասի երկրի ղեկավարի հանձնարարականին՝ մի բան քանդելու կամ կառուցելու հարցում, այլ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի: Ա. Ռուստամյանի խոսքով, կան հարցեր, որոնք պետք է հանրաքվեով լուծվեն, իսկ Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Երևանի ճարտարապետական տեսքի աղավաղման գլխավոր պատասխանատուն Նարեկ Սարգսյանն է. «Ինքը հիվանդագին մտածողություն ունի Երևանի կենտրոնը վերացնելու առումով:… Կանաչ չեն սիրում, պատմամշակութային հուշարձանն իրենց համար արժեք չունի»: Ավագանու թեկնածուն ընդգծեց, որ Երևանի կենտրոնում պետք է արտակարգ իրավիճակ հայտարարել, վերացնել «կենտրոնի այլանդակությունը»:
«Հաջորդ սերունդները մեզ չեն ներելու»,- դիտարկում արեց Վարդան Օսկանյանը:
«Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ներկայացված խնդիրներն պետք է ավելացնել նաև հանրային նշանակություն ունեցող տարածքների մասնավորեցման իսպառ բացառումը:
«Բարև Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Երևանում քաղաքաշինական առումով կետային շինարարությունն ընդհանրապես պետք է վերացվի, բոլոր ապօրինի տարածված որոշումների վերաբերյալ դատական հայցեր ներկայացվեն:
Ինչ վերաբերում է այն «անճոռնի կառույցներին, որոնք արդեն կան քաղաքի կենտրոնում», ըստ քննարկման մասնակիցների, պետք է ողջամիտ որոշում կայացվի, օրենքի սահմաններում որոշումներ կայացվի: «Ապագա իշխանությունը ստիպված կլինի որոշ շենքեր քանդել»,- նշեց Վահագն Խաչատրյանը, ապա հավելեց, որ պետք է դատի տալ այն պաշտոնյաներին, ովքեր այնպիսի որոշումներ են կայացրել, որոնց համաձայն քաղաքը կորցրել է պատմամշակութային հուշարձան կամ օրենքը խախտումով է դա արվել: Ա. Ռուստամյանի կարծիքով էլ կա «վիրահատական միջամտության անհրաժեշտություն»: Ըստ նրա, պետք է մի ստանդարտ ընդունվի ու այն գործի անխտիր բոլորի համար: Մ. Առաքելյանի կարծիքով էլ քաղաքը եթե սիրեն, նման բան չեն անի: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ պատժելիության, արդարադատության խնդիր կա:
Նշենք, որ քննարկմանը հրավիրվել էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը՝ առաջին համարների մակարդակով: Սակայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ներկա չէին: Քննարկման ընթացքում (գրեթե վերջանում էր) եկավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով, ի դեպ, նույնիսկ ավագանու ցուցակում չկա: Նա նախ նշեց, որ ինքը քսան րոպեից ավել է եկել է, սակայն իրեն ներս չէին թողնում, ապա բացատրեց, թե ինչու ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը չի մասնակցում քննարկմանը. «Այս պահին Արմեն Երիցյանը հանդիպման մեջ է»: Նա նշեց, որ այստեղ հնչած բոլոր մտահոգություններին միանում են նաև իրենք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները