«Գյումրին քիչ կկրակի». Ոստիկանապետը դարձյալ եղել է Գյումրիում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր դարձյալ այցելել է Գյումրի: Նա համակարգի ծառայողների հետ փակ խորհրդակացություն անցկացնելուց հետո, հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և ներկայացրել, որ այս օրերի ընթացքում ավելի քան երեք տասնյակ միավոր զենք-զինամթերք է առգրավվել Գյումրիից, և դեռ այդ թիվը, ըստ ոստիկանապետի, աճելու է: Այդ մասին փոխանցում է Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը:
Ոստիկանապետը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին Գյումրիում կատարված հանցագործությունը այս փուլում ամբողջովին բացահայտված է:
«Հանցագործությունը բացահայտված է, անձինք ձերբակալված են և նախաքննության մասին ավելորդ եմ համարում խոսել: Բայց նշեմ՝ այդ առումով մենք բոլորս կարող ենք հանգիստ լինել: Մարդիկ մտածում են, որ զենքի առկայության դեպքում կարող են ինչ-որ բաներ թելադրել կամ պաշտպանվել, դա իրենց խնդիրն է, մենք ուղղակի առգրավում ենք այդ զենքերը, որ դրանք անտեղի չկրակեն: Քանի որ ամեն մի կրակոց մարդկային կյանքեր է: Մենք մեր քաղաքացուն բացատրելու ենք, որ սա ձև չի, և զենքերը պետք է քաղաքացու տանը չգտնվեն: Հիմա՝ առգրավումից հետո, քանի դեռ կամավոր հանձնում են, մենք խնդիրներ չունենք քաղաքացիների հետ: Սակայն երբ կդադարեն հանձնելը և ոստիկանությունը ձեռք կբերի դրանք իր ուժերով, նրանք ամբողջ խստությամբ կպատժվեն: Շուրջ 3 տասնյակ և մի քիչ ավել միայն գործող, աշխատող հրազեններ են, կան նաև որսորդական հրացաններ, որոնք թաղված են եղել հողի տակ և սակրավորների միջոցով ենք հայտնաբերել: Գիտեք՝ ինչքան կյանք կարող էին խլել: Մարդկանց, քաղաքացիների տներից են դրանք հայտնաբերվել»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ավելի վաղ նման միջոցառումներ չէին իրականացվում, ոստիկանապետը պատասխանել է.
«Իհարկե, հնարավոր էր: Կա քար նետելու և քարերը հավաքելու ժամանակ: Ես կողմնակից եմ խոսքին և օրենքի գործին, ոչ թե ծեծով-ջարդով կամ զոռբայությամբ հայտնաբերելուն, այդ ժամանակ ոստիկանությունը կորցնում է իր որակը: Բացատրական աշխատանքներ նախկինում եղել են և հանձնվել են նաև, բայց քանի որ իրավիճակն այնպիսին է, որ հասարակությանը բացատրություն պետք է տալ, մենք ասում ենք՝ այ՝ էսքան այսօր քիչ կկրակի Գյումրին, վաղը՝ մի էսքան էլ քիչ, մյուս օրը՝ ավելի քիչ»:
Հարուցված գործեր՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մասով, չկան, քանի որ քաղաքացիներն ինքնակամ են հանձնել:
Նշենք, որ ապրիլի 25-ին ևս Վլադիմիր Գասպարյանը եղել էր Գյումրիում և խորհրդակցություն անցկացրել, ինչից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին:
Նախորդող հրապարակում. Վ. Գասպարյան. Զոռբայությունն այլևս Հայաստանում և Գյումրիում չի լինելու