Ջազի միջազգային օրն է. «Ջազը միասնության և խաղաղության խորհրդանիշն է»
Այսօր Ջազի միջազգային օրն է: Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, վարպետության դասեր և այլն: Այս ամենից անմասն չէ նաև Հայաստանը:
Ջազի սիրահարները կարող են երեկոյան հավաքվել Կասկադի բացօթյա հարթակում: Երկարատև համերգային ծրագրին մասնակցելու են Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Հանրային ռադիոյի և հեռուսատեսության նվագախումբը, Խաչիկ Սահակյանի, Գարիկ Սարիբեկյանի խմբերը և այլոք: Այս մասին տեղեկանում են http://armenianjazz.am կայքից:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ջազային ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգա Երևանի Պետական Կամերային Երգչախումբը, գեղ. ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյան, խմբավար Լիլիթ Եդիգարյան: Օրվա ընթացքում նախատեսված են նաև այլ միջոցառումներ:
2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի սկսած 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Օրվա նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել ջազի մասին տեղեկատվածության մակարդակը որպես կրթության, միասնության և խաղաղության ամրապնդման, երկխոսության զարգացման և ազգերի միջև համագործակցության գործիք:
Այս տարվա Ջազի միջազգային օրվա մայրաքաղաք է հռչակվել Ստամբուլը:
«20-րդ դարի ամենամեծ մշակութային արտահայտչամիջոցներից մեկը՝ ջազը, արդեն գրավում է 21-րդ դարի ոգին: Այս փոփոխական ու անորոշ ժամանակներում ջազի ուժի կարիքը զգացվում է ավելի շատ, քան նախկինում՝ մարդկանց միավորելու և ընդհանուր արժեքների հանդեպ հարգանքը մեծացնելու նպատակով»,- օրվան նվիրված իր ուղերձում ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Ջազը վերացնում է մարդկանց միջև առկա սահմաններն ու ստեղծում փոխհասկացության և հանդուրժողականության մթնոլորտ:
Ջազը մտքերի ազատ արտահայտման վեկտոր է:
Ջազը միասնության և խաղաղության խորհրդանիշն է:
Ջազը նպաստում է գենդերային հավասարությանը: