Տիգրան Խզմալյան. Հայ իրականության մեջ ընդդիմության գաղափարը վտանգված է
Հայ իրականության մեջ ընդդիմության գաղափարը վտանգված է: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Բազմաթիվ կուսակցություններով և ֆրակցիաներով լի Հայաստանում ներկայումս գոյություն չունի մի ֆորմալիզացված քաղաքական կուսակցություն, խումբ, որը պաշտպանում է հասարակության մեծամասնության, աշխատավոր ժողովրդի շահերը: Ներկայումս առկա բոլոր քաղաքական կուսակցությունները պաշտպանում են խոշոր կամ պակաս խոշոր, որոշ դեպքերում նաև արտաքին բուրժուական կապիտալը: Ասել, որ մենք շարունակում ենք գործել ընդդիմադիր դաշտում, բավական չէ: Մենք պարտավոր ենք ձևավորել մի մարմին, որը կպաշտպանի աշխատավոր ժողովրդի` այսօր ոտնահարված շահերը»,- նշեց Տ. Խզմալյանը
«Ընդդիմություն գաղափարը վտանգված է մեզանում: Եթե Գագիկ Ծառուկյանն է ընդդիմություն, ապա ոմանք կամաչեն իրենց ընդդիմություն անվանել: Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է, ապա մենք իշխանություն ենք»,- հավելեց բանախոսը:
Տիգրան Խզմալյանը նշեց, որ ՀՀ պատմության մեջ եղած ընդդիմադիր բոլոր շարժումների, այդ թվում` 2008 թ Լևոն Տեր-Պետրոսյանի և 2013 թ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումների գլխավոր սխալ այն է, որ դրանց առաջնորդները անհրաժեշտ «համակարգափոխությունը փորձում էին փոխարինել իշխանափոխությամբ»:
«Մեր ժողովուրդը միշտ մոտենում է մի կարևոր կետի, որից նրան միշտ հետ են քաշում քաղաքական կուսակցությունները և նրանց հետևից կանգնած ուժերը: Այդ կետը իրական ժողովրդավարությունն է, որտեղ որոշումը ընդունվելու է ոչ թե միջանցքներում, այլ հրապարակներում: Մենք երկու անգամ մոտեցանք այդ եզրին, սակայն սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանի իսկ այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հսկայական ճնշում գործադրվեց, որպեսզի նրանք մերժեն հրապարակը և վերադառնան կուսակցական նեղ շահերին: Իշխանափոխությունը այլևս բավարար չէ: Դա անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է: Դա ընդամենը աթոռների և ցուցակների փոփոխություն է»,- նշեց Տ. Խզմալյանը:
«Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով: Եվ մենք այդ ծրագիրը առաջարկել ենք: Ապրիլի 9-ին ժողովուրդը պահանջում էր քաղաքական ծրագիր, որը մենք «Ժառանգությանն» առաջարկել էինք, իսկ ժամանակին` ՀԱԿ-ին: Հիմա կներկայացնենք և մենք այլևս ոչ մեկի չենք միանա: Իսկ Նախախորհրդարանը բաց է բոլորի համար: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ էր կրկնում՝ իջեցնել կուսակցական դրոշները, բայց նա ապրիլի 9-ին բարձրացրեց կուսակցական դրոշը, չնայած նա շատ ճիշտ ձևակերպեց այն միտքը, որ մենք հնազանդ չենք, տեր ենք»,- ասաց Տ. Խզմալյանը` հավելելով, որ իրենց գաղափարների հետ հասարակությանը ծանոթացնելու համար մայիսի 9-ին Գյումրիում, իսկ մայիսի 17-ին` Երևանում նախատեսում են անցկացնել հանրահավաքներ: