Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին
«168 ժամի» տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: «Ի պատասխան դրա՝ ԲՀԿ քաղաքական թևն առաջարկում է կուրսի կոշտացում, ինչի արտահայտութունն էր Վարդան Օսկանյանի ընդդիմություն դառնալու առաջարկը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին: Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու և իրար հակամարտ թևերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի ԱԺ և 2018 նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում, և հիմնավորի, որ 2018թ այդ խոչընդոտները վերացած կլինեն, և այլևս ոչինչ չի խանգարի իրեն՝ առաջադրվել և դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան՝ նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել մի քանի մասերի. Գործարարների, արմատական ընդդիմադիրների, չեզոք ապաքաղաքականների»,- գրում է «168 ժամը»: