Վահան Հովհաննիսյանը «խարոշի» պատգամավորների անուններ է պահանջում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում արած հայտարարությունը գողական պատգամավորների մասով անհանգստացրել է ԱԺ Դաշանակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, և նա այսօր հայտարարությունների ժամին պահանջեց, որ Գյումրիի դեպքերի համար ոստիկանապետի տեղակալին դիմած պատգամավորների հարցը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում:
«Հասարակությունը կարելի է բաժանել տարբեր խմբերի՝ ըստ սեռատարիքային, ինչպես նաև օրենքին ենթարկվող քաղաքացիների և գողականների։ Այս բաժանման դեպքում պետական համակարգը ստեղծում է մի միջանկյալ ուժ՝ իրավապահ մարմինները, որոնք փորձում են թույլ չտալ, որ կրիմինալն իր օրենքներով թափանցի հասարակության մեջ: Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը փորձում է կանգնել քաղաքացիական հասարակության կողքը, այլ ոչ թե կրիմինալի: Ոստիկանապետը հայտարարեց, որ Աժ պատգամավորները զանգել են իրեն, փորձել են ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ գործադրելով, Գյումրիում հանցախմբի մեջ ներգրավված, քաղաքը տասնամյակներով տեռորի ենթարկած կլանների ներկայացուցիչներին ազատել ցուցմունք տալուց, որովհետև գողական հասկացողությամբ չի կարելի ցուցմունք տալ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը։
Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին նա նաև առաջարկեց ԱԺ նախագահին`ճշտել այն պատգամավորների անունները, ովքեր զանգահարել են ոստիկանապետին և նրանց հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել:
«Դիմենք ոստիկանապետին, ստանանք այն պատգամավորների անունները, որոնք դիմել են նման այլանդակ խնդրանքով և դրանց հարցաքննենք։ Ես ուզում եմ իմանալ՝ էս դահլիճի խարոշիներն ովքեր են, որ կարող են ինձ պարտադրել ցուցմունք տալ կամ չտալ, էդ ովքեր են, ովքեր կարող են խոսել այն ինստիտուտի անունից, որում ես էլ եմ ներկայացված, էդ ովքեր են էդ խորոշիները, ովքեր կարող են դիմել ոստիկանապետին՝ ասելով, որ թող մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետև ամոթ է»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: