ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձևակերպումներ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձևակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: Այդ մասին այսօր Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում Երիտասարդական խորհրդարանի կազմակերպած ծառատունկի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն և որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով, փոխանցում է «Ա1+»-ը:
«ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք և եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է»,- ասել է ԱԺ նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաև խոսել էր պանթեոնում` Տարոն Մարգարյանի հոր` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունաքարի առկայության մասին` նշելով, որ «բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան» է:
Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, ասել է. «Դա վարչական լծակի օգտագործում ձևակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանը այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև ՀՀԿ քարոզարշավին.
«Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնություններին, ապա դրանք վատ բաներ են, երբ լրագրողի են ծեծում: Դա ոչ թե շտաբի մեղավորությունն էր, այլ բոլոր կուսակցություններում էլ կարող են լինել մարդիկ, որոնք իրենց լավ չեն դրսևորում: Մեր բոլորի ցանկությունը ոչ թե սրելն է իրավիճակը, ինչպես դուք եք ուզում, այլ հակառակը` մենք ուզում ենք, որ լինի հաշտություն, համերաշխություն: Բռնանալու ժամանակներն արդեն անցել են: Բոլոր քաղաքական ուժերին կոռեկտության կոչ եմ անում, քանի որ արդեն քարոզարշավի վերջն է»:
Իսկ ո՞րն է պատճառը, որ շատ երևանցիներ ՀՀԿ ընտրելու փոխարեն, ասում են` ընտրելու են Տարոն Մարգարյանին, արդյոք նրա վարկանիշը կուսակցության վարկանիշից ավելի բարձր է հարցին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանը շատ բարձր վարկանիշ ունի, սակայն չպետք է մոռանալ, որ նա ՀՀԿ անդամ է: Ինչպես նաև` չկա կուսակցություն, որ ՀՀԿ-ից բարձր վարկանիշ ունենա: Նաև ուզում եմ ասել, որ մեր բոլոր քաղաքապետերն էլ ն են եղել»: Մեր այն հարցին` այդ թվում նաև այժմ ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյա՞նը ևս, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:
Նախորդող հրապարակում. Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատև պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի. Տեր Պետրոսյանի ելույթը