Հայազգի հանրահայտ բարերարի ծոռն Արցախում է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած հայազգի հանրահայտ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Զանոեֆֆին` տիկնոջ հետ և գրող Վահե Աթանեսյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է և աշխարհահռչակ ձեռներեց, և ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջև ծառացած մշակութային, քաղաքական և սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը համապետական մակարդակով և երախտագիտություն հայտնել գրող Վահե Աթանեսյանին` մեծ բարերարի կյանքին նվիրված աշխատության համար:
Նախագահն ընդգծել է, որ ազգի մեծերին հիշելը և նրանց ավանդի արժանի գնահատումը հանդիսանում է հայրենասիրական դաստիարակության կարևորագույն բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: