Դանիել Իոաննիսյան. ««Բարև Երևանի» հիմնական խնդիրը ռեբռենդինգն է»
«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը նորմալ է ընթանում, շարժվում է առաջ և օրեցօր քաղաքացիների տրամադրության մեջ նկատվում է փոփոխություններ»,-այսօր Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ավագանու ընտրությունների ընթացքին և դաշինքի շանսերին՝ Երևանի ազատության հրապարակում ասաց «Բարև Երևան» դաշինքի ավագանու ընտրություններում ցուցակի 20-րդ տեղում գտնվող Դանիել Իոաննիսյանը:
Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրախախտումները շատ շատ են և խախտումների մի մասով իրենք գնալու են դիմեն դատարաններ:
«Խախտումները կայանում են վարչական ռեսուրսների կիրառումների մեջ, խախտումներ կան նաև ոստիկանության կողմից: Խախտումների առյուծի բաժինը ընկնում է ՀՀԿ-ի վրա, սակայն խախտումներ են իրականացնում նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը»,-ասաց Դ. Իոնեսյանը:
Ըստ նրա, խախտումները կայանում են պետության կամ վարչական շրջանների բյուջեների հաշվին քարոզչության իրականացնման մեջ, իսկ ընտրակաշառքների դեպքեր իրենք դեռևս չեն կարողացել ֆիքսել:
«ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ի շտաբի պետերը ընտրակաշառքների վերաբերյալ ասում են, թե դիմումներ գրեք, մենք այդ հարցերը կքննարկենք և դա հստակ նշանակում է, որ դիմումները որոշ դեպքերում բավարարվում է: Սա նշանակում է, որ եթե նրանք ընտրակաշառք բաժանած չլինեին կասեին, թե մենք ձեզ ոչ մի բանով չենք կարող օգնել»,-նշեց Դ. Իոնեսյանը:
Նրա խոսքերով, չի բացառվում, որ թե ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ն բաժանել կամ կարող են բաժանել ընտրակաշառք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի հնարավորություններին գալիք ավագանու ընտրություններում բանախոսը ասաց, որ ինքը «Բարև Երևանի» շանսերը բավականին մեծ է գնահատում:
«Մենք ունենք մեկ խնդիր՝դա ռեբրենդինգի խնդիրն է, քանի որ հիմնական, լոկոմոտիվ ուժը «Ժառանգությունն» է և կան քաղաքացիներ, որոնք ընտրաթերթիկներում փնտրելու են «Ժառանգությանը»»,-ասաց նա:
Նա նշեց, որ ռեբռենդինգի հարցը պետք է լուծվի մինչև ավագանու նախընտրական քարոզարշավի վերջը: