ԵԺԿ-ին «Ժառանգության» հետագա անդամակցության հարցը դեռ մնում է առկախ (տեսանյութ)
Հայաստանի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցում միակ բացասական կողմն այն էր, որ չարաշահվել էր վարչական ռեսուրսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ու հավելեց. «Բայց միայն դա չէր այս ընտրությունների խայտառակություն: Նաև այն էր, որ բացարձակ կեղծված ընտրություններ են տեղի ունեցել», -հայտարարեց նա, ով մասնակցել էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին ու լսել հայաստանյան ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
Նա հերթագրվել է, որ ելույթ ունենա, սակայն հերթն իրեն չի հասել, սակայն իր ելույթի տեքստը, որտեղ պնդում է, թե ընտրությունները կեղծվել են ու բացարձակ առաջընթաց չի արձանագրվել, ներկայացրել է ԵԽԽՎ քարտուղարությանը:
Անդրադառնալով մայիսի 16-ին ԵԽ նախարարների կոմիտեում 6 ամսով Հայաստանի նախագահության ստանձնմանը, Փոստանջյանն ասաց, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում իրենք անելիք ունեն` հասկացնելու, թե իրականում ինչպիսին է Հայաստանում իրավիճակը: «Իմ հիմնական նպատակը այնտեղ գտնվելու նաև դա էր, որպեսզի իմ խմբակցությունում (EPP) ներկայացնեմ այսօրվա ներկայիս պատկերը և ոչ թե այն զեկույցները, որոնք քաղաքական նպատակներով հրապարակվում են», -հավելեց Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողը հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «Ժառանգությունը» հնարավոր է դուրս գա Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունից (EPP) և հետաքրքրվեց` ինչ շարժ կա այդ ուղղությամբ: Ի պատասխան տիկին Փոստանջյանը հաստատեց, որ նման բան ասել է պարոն Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահ Մարթենսի հարցազրույցում հնչած հայտարարությունների պատճառով:
«Ես որպես EPP-ում Ժառանգությունը ներկայացնող պատգամավոր փորձեցի ճշտել, թե դա իրոք ԵԺԿ պաշտոնական տեսակետն է, թե՞ Մարթենսի հայտարարությունն է չգիտեմ ինչ շահագրգռվածության ներքո: Բայց որևէ մեկը չստանձնեց պարտավորություն ասելու, որ դա EPP պաշտոնական տեսակետն է», հավելեց Զարուհի Փոստանջյանը: Նա նաև ասաց, որ ԵԺԿ-ն առաջիկայում շատ միջոցառումներ է կազմակերպելու, որոնց իրենք մասնակցելու են և փորձելու են ամեն գնով ճշտել` որն է ԵԺԿ պաշտոնական կարծիքը: «Այս պահի դրությամբ EPP պաշտոնական կարծիք չկա», -նկատեց նա:
Հիշեցնենք, որ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը ասել էր. «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»: Արձագանքելով այս հայտարարությանը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ԵԺԿ նախագահի խոսքերը դառնան ընդհանուր կուսակցության ինստիտուցիոնալ՝ համակարգային մոտեցումը, «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունը: