Բակո Սահակյան. Մենք լավ գիտենք աշխատանքի գինը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Այս օրը մեր ժողովուրդն ավանդաբար տոնում է` իր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան:
Աշխատավորների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, մարդկանց համար նորմալ կենսապայմանների ստեղծումը այն խնդիրներն են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախցին պետք է ունենա աշխատելու և սեփական աշխատանքով իր ընտանիքի կարիքները հոգալու հնարավորություն: Այս ուղղությամբ պետությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում և, վստահ եմ, որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում»,-ասված է ուղերձում: