Բագրատյանը Դումանյանին հորդորեց չպարտադրել հղիին բուժհիմնարկի հարցում
Առողջապահության կազմակերպիչների երկար քննարկումների արդյունքում որոշվել է, որ տվյալ տարածքի պոլիկլինիկայում հաշվառված հղի կինը կարող է անվճար ծննդաբերել միայն տվյալ տարածքի ծննդատանը: Այդ մասին այսօր խորհրդարանում պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը:
«Երբ հղին վերահսկվում է տվյալ տարածքի կանանց կոնսուլտացիայում, ապա ճիշտ ենք համարում, որ տվյալ տեղում հղին ծննդաբերի, որովհետև բժիշկը լավ գիտի նրան ու կարող է առողջ երեխա պարգևել հասարակությանը»,- հիմնավորեց Դումանյանը:
Խոսքը, սակայն, ըստ Դումանյանի, չի վերաբերում դժվար ծննդաբերության դեպքում: «Եթե դժվար ծննդաբերության խնդիր կա, ապա հղի կանայք ուղեգրով կարող են անվճար ծննդաբերել Երևանում», -հավելեց նա:
Մասնագիտական կողմից բացի, այդպիսի որոշումը նաև ֆինանսական կողմ ունի. «Պետությունը տվյալ ծնունդը անվճար երաշխավորել է տվյալ տարածքի համար»:
Իր ելույթում այս հարցին միջամտեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և նախարարի պաշտոնակատարին հորդորեց հրաժարվել հղի կնոջը պարտադրել ծննդաբերել տարածքի ծննդատանը: «Հորդորում եմ Ձեզ, որ չանեք այդ քայլը: Անվճար ծննդաբերության հավաստագրման ծրագիրն էական քայլ էր, դա այն է, որ ով ծննդաբերում է, ինքն էլ որոշի, թե որտեղ ծննդաբերի: Դուք պիտի խնդրեի, չանեք, այլ նկատի ունենալով ծանրաբեռնվածությունը, փորձեք անուղղակի ձևով ազդել: Այդ քայլով դուք կզրոյացնեք այն ռեֆորմը, որը սկսվել է: Դուք ուղղորդելով կբարձրացնեք ինքնարժեքը և կիջեցնեք որակը», -դիմելով նախարարի պաշտոնակատարին ասաց Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու