Пожалуйста, թող գան, նստենք, խոսենք, քննարկենք. Բագրատյանն արձագանքում է կառավարությանը
«Ես ձեզանից եմ լսում այդ մասին», այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը արձագանքելով վարչապետի` համագործակցության վերաբերյալ հարցին:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ միայն լրատվամիջոցների ասածի հիման վրա մեկնաբանություններ չի անի: «Կառավարության պատասխանը կստանանք, նոր միայն պաշտոնապես մեկնաբանություններ կանեմ», -հավելեց Բագրատյանը:
Հիշեցնենք` կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժել էր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Բագրատյանի որոշ առաջարկություններ «համահունչ են» այն քաղաքականությանը, որ կառավարությունը պետք է իրականացնի:
Հարցին, թե այս պահին Բագրատյանը պատրա՞ստ է կառավարության հետ համագործակցության եզրեր գտնել, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ես, որպես ԱԺ պատգամավոր, որ օրինագծեր է ներկայացնում, արդեն համագործակցում եմ: Ուրիշ բան, որ այն ինչ ներկայացրել ենք, մերժվել է»:
Լրագրողի դիտարկմանը, թե հեռակա համագործակցելն ուրիշ է, միասին քննարկելն ուրիշ, Բագրատյանն արձագանքեց. «Пожалуйста, թող գան, նստենք, խոսենք, քննարկենք»: Լրագրողը հետաքրքրվեց, թե եթե Բագրատյանին կանչեն կառավարություն, կգնա՞, պատգամավորը պատասխանեց. «Նախ չեն կանչում, հրավիրում են.. Пожалуйста, ինչ մի պրոբլեմ է կառավարություն գնալը, բայց որպես կանոն, իրենք են գալիս, քննարկում»:
Ներկայացնելով կառավարությանը ներկայացրած իր նախագիծը, Բագրատյանն ասաց, որ առաջարկել էր, որպեսզի օֆշորային գոտում գրանցված ընկերությունները չզբաղվեն հանքարդյունաբերությամբ: «Մենք ունենք օֆշորային գոտում գրանցված ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ, որոնք հաշվետվություն չեն ներկայացնում այն երկրներին, որտեղ գրանցված են, և մեզ ընդհանրապես: Այդ պատճառով էլ նրանք թանկ գներով գնում են սարքավորումները, նյութերը և էժան գներով վաճառում օֆորներում գրանցված ընկերությունների հանքահումք: Օրինակ` պղինձը վաճառում են 10 միավոր, մինչդեռ իրականում գինը 30 միավոր է: Օֆշորից հետո վաճառում են իրական գնով` դրանով խուսափելով մեզ հարկ վճարելուց: Այսինքն` սա շատ լուրջ օրենք է, առայժմ հանքերից է սկսվում ու պետք է տարածվի նաև ֆինանսական կազմակերպությունների վրա», -հավելեց Բագրատյանը:
Նախորդող հրապարակում. Տիգրան Սարգսյան. «Պարոն Բագրատյանի առաջարկությունները համահունչ են կառավարության քաղաքականությանը»
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են