Ինչ արդյունքներ են արձանագրել կուսակցություններն ընտրություններից երկու օր առաջ
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է. «Արդեն պարզ է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Բարև» դաշինքն ու ՀԱԿ-ը պայքարելու են միմյանց դեմ` ընդդիմադիր լսարանի ձայները գրավելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն առ այն, որ ընդդիմադիր կուսակցությունները միմյանց ավելի շատ են ատում, քան իշխանություններին, այս պարագայում ավելի քան իրատեսական էին»:
Թերթը նկատում է, որ քարոզարշավի ավարտին մնացել է մեկ օր, իսկ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ համատեղ թափանցիկ մեխանիզմներ մշակել ընտրությունների վերահսկողության համար, միակ առաջարկվող մեխանիզմը խորհրդարանական ընտրությունների մոդելով ԲՀԿ-ի կողմից առաջարկված համատեղ նախընտրական շտաբի ստեղծումն էր, որն, իրականում, ծառայելու էր բարգավաճականների «նախընտրական բարեգործությունները» քողարկելուն:
Ըստ «ГА»-ի` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի երկրորդ տեղը` վերջնականապես հաստատելով, որ ինքը որպես կուսակցություն անկարող է հաղթել և միշտ լինելու է երկրորդական դերում: Անդրադառնալով Վ. Օսկանյանի այն հայտարարությանը, թե մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն կհռչակի, և Գագիկ Ծառուկյան էլ չի վախենում սննկանալուց` թերթը գրում է. «Մեր կարծիքով` հենց սննկանալուց էլ վախենում է Գագիկ Ծառուկյանը: Վերջինս մեծ հաճույքով կվերադառնար կոալիցիա, սակայն ՀՀԿ-ն արդեն չի ընդունի ԲՀԿ-ին, քանի որ իշխող կուսակցության համար շատ ավելի շահավետ է ԲՀԿ-ին առկախված վիճակում պահել իշխանության և ընդդիմության միջև»: