Ռամիզ Մեխտիևը՝ Մահմուդ Ահմադինեժադին. Արևմուտքը Ադրբեջանում փորձել է գունավոր հեղափոխություններ իրականացնել
Թեհրանը միջամտում է մեր արտաքին քաղաքականությանը, ուստի մենք ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգները դրանից տեղյակ լինեն և մեզ աջակցեն:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից Վաշինգտոն գործուղված պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն:
Հոդվածի հեղինակը «Ադրբեջանը երկակի արտաքին քաղաքականություն է վարում» վերնագրով հոդվածում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի՝ օրերս Իրան կատարած այցին, նշում է. «Այն բանից հետո, երբ Մեխտիևը Թեհրանում Արևմուտքին մեղադրում է Ադրբեջանում գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձեր կատարելու մեջ, գրեթե միաժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից ԱՄՆ գործուղված պատվիրակությունը հայտարարում է, որ Իրանը տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում»:
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ամերիկացիներին տեղեկացնենք, որ Իրանը Ադրբեջանի դեմ ճնշումներ է գործադրում: Թեհրանը միջամտում է մեր արտաքին քաղաքականությանը, ուստի մենք ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգները դրանից տեղյակ լինեն և մեզ աջակցեն»,-ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն:
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեխտիևը օրերս Իրան կատարած այցի շրջանակներում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. «Իրանը Ադրբեջանի մեծ բարեկամն է: Արևմուտքը Ադրբեջանում փորձել է գունավոր հեղափոխություններ իրականացնել: Ադրբեջանի զարգացումն ու առաջընթացը Արևմուտքին տխրեցնում է և որոշ քայլեր են իրականացվում, որպեսզի ապակայունացնվի Ադրբեջանը: Օրինակ Ամերիկայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչը անցյալ տարի շուրջ մեկ միլիոն դոլար է հատկացրել տարբեր կազմակերպություններին և անհատներին, որոնք էլ պետք է Ադրբեջանում անկայունություն առաջացնեն»:
Մեխտիևը, խոսելով Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մասին, հավելել է. «Հեյդար Ալիևը շատ էր կարևորում իրանաադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանը բարձր է գնահատում Իրանի կողմից ցուցաբերած աջակցությունը: Ադրբեջանը ցանկանում է իր կողքին տեսնել հզոր և կայուն Իրան, դա բխում է մեր շահերից»:
Զրույցի վերջում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, դիմելով Իրանի նախագահին, մասնավորապես նշել է. «Համաշխարհային, տարածաշրջանային և ներքին քաղաքականության մեջ Ձեր թողած անունն ու անցած ճանապարհը ոսկե տառերով կգրվեն, այդ առնչությամբ մենք Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք ենք տածում»: