Իրանի փոխնախագահն Ադրբեջանին մեղադրում է Կասպից ծովն աղտոտելու մեջ
Մերձկասպյան հինգ երկրներից միայն Ադրբեջանը չի ստորագրել Կասպից ծովի կոնվենցիային միանալու մասին արձանագրությունը:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Կասպից ծովի մասին կոնվենցիային միանալու առնչությամբ տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ, անդրադառնալով Կասպից ծովի էկոլոգիական խնդիրներին, նախ նշել է, որ մերձկասպյան հինգ երկրներից միայն Ադրբեջանը չի ստորագրել Կասպից ծովի կոնվենցիային միանալու մասին արձանագրությունը, այնուհետև շեշտել, որ ծովն ամենաշատն Ադրբեջանն է աղտոտում:
Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի միջև բացի էկոլոգիական խնդիրներից, որոշակի տարաձայնություններ գոյություն ունեն նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի առնչությամբ: Վերջերս Իրանի բանակի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, անդրադառնալով Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքի առնչությամբ Ադրբեջանի հավակնություններին, հայտարարել է, որ այն գտնվում է Կասպից ծովի՝ Իրանին պատկանող 20 տոկոս տիրույթում, և ԶՈւ ռազմածովային ուժերը թույլ չեն տա, որ այդ տարածքները որևէ ուժի կողմից զավթվեն
Նախորդող հրապարակում՝
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը