ԵՊՀ-ում կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը
Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարևոր է դառնում:
Ուստի ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:
Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:
Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:
Մանրամասների համար գրել [email protected] էլ. հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա