Յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել. «Արմավիայի» բորտուղեկցորդները նամակ են գրել նախագահին
«Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է. «Մեծարգո Պարոն Նախագահ
Ձեզ են դիմում «Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները: Մենք արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ նամակով` հայցելով Ձեր անդրադարձը և աջակցությունը մեր խնդրի լուծմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ 2012թ. հոկտեմբերից մինչ այսօր մենք չենք ստացել մեզ հասանելիք աշխատավարձը: Սակայն Ձեր պատասխան նամակը չեր պարունակում խնդրի լուծման տարբերակ և հասցեագրվեց «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականտիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրեց ծաղրի և հեգնանքի առարկա, հարցնելով բոլոր այդ նամակը ստորագրողներին` արդյոք օգնեց ձեզ ձեր նախագահը:
Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոց. վճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար:
Մեկ անգամ ևս խնդրում ենք անդրադառնալ մեր աշխատավարձի հարցին, քանի որ դա մեր քրտինքի, առողջության և կյանքի գնով աշխատած գումարն է, և պարզաբանել չվճարված սոց. վճարների հարցը` հանձնարարականներ տալով համապատասխան մարմիններին(ՀՀ Աշխատանքի պետ. տեսչությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը):
Խորհին շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար»: