Ա. Երիցյան. Երևանցին պետք է ընտրի մի քաղաքապետ, ով երևանցի է և ում սիրտը ցավում է Երևանի համար
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շուրջ Panorama.am-ը զրուցեց ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հետ:
-Պարոն Երիցյան, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Ամփոփեք խնդրեմ քարոզարշավը:
-Կարծում եմ՝ մենք նորմալ աշխատանք կարողացանք տանել: 76 հանդիպումներ եմ ունեցել, հիմնականում դա եղել են բակային հանդիպումներ: Կարծում եմ՝ ես ստացա հնարավորություն ներկայացնել իմ ծրագիրը, կուսակցության ծրագիրը և կարծում եմ, որ ստացվեց:
-Ո՞րն է Ձեր գլխավոր ասելիքը, որ հասցրել եք ընտրողին:
-Հիմնական ասելիքս այն է, որ երևանցին զարթնի, իմանա, որ Երևանի տերը ինքն է, երևանցին իմանա, որ պետք է ընտրի մի քաղաքապետ, ով երևանցի է և ում սիրտը ցավում է Երևանի համար: Ես չեմ ասում, որ իրենք ընտրեն ՕԵԿ-ին, յուրաքանչյուրը ինքը պետք է կողմնորոշվի, թե ում ընտրի: Ներկայացնելով իմ ծրագիրը՝ ի սրտե ուզում եմ Երևանին օգտակար լինել: Ես սա ասում եմ որպես երևանցի: Արտակարգ իրավիճակների նախարարությունում ամեն ինչ կարգին է, շատերը ինձ չեն հասկանում, որ ես ուզում եմ թողնել գալ, բայց իրոք ես ուզում եմ Երևանի համար մի բան անել: Գիտե՞ք՝ ես հաշվետու եմ նաև իմ ընտանիքի և բալիկների առջև:
-Որո՞նք են, ըստ Ձեզ, Երևանի հիմնական խնդիրները և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները առաջիկա չորս տարիների ընթացքում:
-Հիմնական խնդիրները բոլորը գիտեն, թե որոնք են, բոլոր կուսակցություններն այդ մասին խոսում են: Գլխավոր խնդիրը արտագաղթն է: Պետք է մեծ ուշադրություն դարձնել, թե ինչից է սկսվում արտագաղթը: Այն սկսվում է աշխատանք և տուն չունենալուց: Երիտասարդները հաճախ գնում են դրսում վաստակեն, որ տուն ունենան այստեղ: Մենք առաջարկում ենք մատչելի շենքեր կառուցել: Մյուսը՝ միջին բիզնեսի զարգացումն է: Այն անձանց, ովքեր սեփականաշնորհել են հիմնարկներն ու ձեռնարկությունները, պետք է ստիպել, որ աշխատատեղեր բացեն: Աղբահանությունը, շենք-շինությունների սեյսմակայունությունը, տրանսպորտը, կապը: Մի խոսքով, ոլորտները շատ-շատ են: Լուծումները մենք առաջարկել ենք, բոլորը կան ծրագրում: Բոլոր կուսակցությունների ծրագրերը համարյա նույնն են, հետևաբար երկար չեմ խոսում ծրագրերի մասին: Ես ասում եմ, որ պետք է մենք ծրագիրը ի կատար ածենք, այլ ոչ թե ծրագիրը ծնվի ի սկզբանե մահացած: Սա է ամենակարևորը՝ կյանքի կոչել յուրաքանչյուր ծրագիր: Ես արտակարգ իրավիճակների նախարարության օրինակն եմ բերում: Երեք տարի առաջ դուք ունեի՞ք այդպիսի նախարարություն: Մենք ստեղծեցինք, մենք թիմով տեղում ձևավորեցինք և կարողացանք դա անել: Կարծում եմ, որ ես իմ երևանցիների հետ այդ ամենը կարող եմ անել: