ԻԱԿ իրավաբան. Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է հրապարակային աշխատելու մշակույթը
Տասը տարուց ավելի է Հայաստանում գործում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որն աշխարահի լավագույն օրենքներից մեկն է այս ոլորտի, բայց Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման մակարդակն այդքան էլ բարձր չէ, այսինքն շատ ցածր է»,- ասուլիսում նման դիտարկում արեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
Ըստ նրա, դա գալիս է նրանից, որ հայ պաշտոնյաներից շատերը դեռևս Սովետական միության ժառանգության կրողներն են, այսինքն սովոր են ստալինյան ձևով կառավարելուն: Մյուս կողմից էլ, իրավաբանի կարծիքով, դա գալիս է նրանից, որ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը ցածր է: «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է հրապարակային աշխատելու մշակույթը»,- ընդգծեց Գ. Հայրապետյանը՝ նշելով, որ շատերը չեն հասկանում, որ տեղեկատվությունն ու պաշտոնը իրենց սեփականությունը չէ, տեղեկատվությունը պատկանում է ժողովրդին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» եռամսյակը մեկ կազմում է սև և սպիտակ ցուցակներ: Սև ցուցակում ընդգրկվում են այն պաշտոնաները, ովքեր խախտում են տեղեկություն ստանալու իրավունքը: Այս տարվա առաջին եռամսյակում ԻԱԿ-ը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 60 հարցում, ապա` նաև կրկնակի հարցումներ, սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը պատասխան տրամադրելով:
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, սև ցուցակում հայտնվել է միայն Ազգային ժողովը. 2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն տրամադել էր թերի պատասխան` ըստ հերթական համարների չներկայացնելով որոշ կարգադրությունների պատճեններ: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել պակասող կարգադրությունները: Սակայն, ԱԺ-ն տրամադրել անհիմն մերժում` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
Հ. Հայրապետյանը նշեց, որ ի տարբերություն մի քանի տարի առաջվա, այսօր հիմնականում պատասխանում են իրենց նամակներին, թեև դրանք կարող են լինել թերի, անհիմն: Այսինքն, ըստ նրա, կա առաջընթաց. նախկինում պատասխանում էին ուղարկված նամակների 100 տոկոսից 30-ին:
«Ամեն երեք տարին մեկ մեծ քայլ առաջ է արձանգրվում է»,- ասաց ԻԱԿ-ի իրավաբանը: