Լևոն Շիրինյան.«Երևանի ավագանու ընտրությունները Կուրսկի ճակատամարտի նման են»
«Երևանի ավագանու ընտրությունները իրենց էության մեջ քաղաքական ընտրություններ չեն, դրանք մենեջերի ընտրություն են: Սակայն այս ընտրությունը քաղաքականցվեց և փորձ է արվում քաղաքապետի ընտրությունների միջոցով երկրում հասնել իշխանափոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ այս ընտրությունները Կուրսկի ճակատամարտի նման են՝ ընդդիմությունը փորձելու է հասնել քաղաքային իշխանությունների փոփոխություն, իսկ իշխանությունը փորձելու է դա թույլ չտալ:«Եթե նույնիսկ իշխանությունները հաղթեն, դա կլինի դժվար հաղթանակ, քանի որ ընդդիմությունը այս անգամ լավ կազմակերպված է»,-նշեց Լ. Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ բացառված չէ, որ իշխանության թեկնածուն չհաղթի այս ընտրություններում:
Իր հերթին, քաղաքագետ Էդգար Վարդանյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց իշխանությունները նախընտրական քարոզարշավը կառուցում էին այն տրամաբանության վրա, որ այս ընտրությունները մենեջերի ընտրություններ են, կենցաղային հարցերով զբաղվող գործչի ընտրություններ են: «Ընդդիմությունը ի տարբերություն իշխանության, այս ընտրությունները չափից դուրս քաղաքականացնում են և դիտարկում, որպես իշխանափոխության հասնելու միջոց»,-ասաց Է. Վարդանյանը:
Ըստ նրա, իշխանական քաղաքական ուժերը և հատկապես ՀՀԿ-ն քարոզարշավը տանում է այնպես, որ այս ընտրությունները միայն քաղաքապետի ընտրություններ են և անտեսում են ավագանու ընտրությունները: «Դա արված էր կանխամտածված և ՀՀԿ-ն այն հաշվարկն էր արել, որ առանձին վերցրած Տարոն Մարգարյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, քան թե ՀՀԿ-ն ու փորձել են Մարգարյանին տարանջատել ՀՀԿ-ից»,-նշեց բանախոսը:
Քաղաքագետը ասաց, որ ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնվում էր Տարոն Մարգարյանի առանձին գծերը ի ցույց դնելու վրա և առաջին պլան է մղվում քաղաքապետի անձնական, մարդկային հատկանիշները:
Նա ասաց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը այս ընտրությունները առիթ օգտագործեցին ցուցադրելու համար իշխանությունների արատները և քննադատություն եղավ անձնավորված՝ուղղված Տարոն Մարգարյանի դեմ: «Քաղաքային իշխանությունները օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները և անհավասար պայմանների մեջ դնում մնացած ուժերին: Ընդդիմությունը փորձում է վերացնել քաղաքային իշխանությունների այդ ազդեցությանը»,-նշեց բանախոսը: