Մասիսի հիվանդանոցում մահացած երիտասարդը առողջ է եղել. փորձաքննությունը պատրաստ է, հարուցվել է քրգործ
Մասիսի հիվանդանոցում սրսկման հետևանքով մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստի կապակցությամբ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Գործով տուժողի իրավահաջորդ է նշանակվել Ցոլակ Մկրտչյանի եղբայրը` Վիրաբ Մկրտչյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրանց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նրա խոսքով, նշանակվել է հանձնաժողովային համալիր դատաբժշկական փորձաքննություն: «Այս պահի դրությամբ մենք բավարարված ենք իրավիճակով, որովհետև մեր ցանկությունն էր Ցոլակ Մկրտչյանին կարգավիճակ տալը և քրեական գործ հարուցելը», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ Ցոլակ Մկրտչյանի մոտ անաֆիլակտիկ շոկ (ալերգիա) է առաջացել ներարկման հետևանքով, հաստատվել է նաև որ Ցոլակ Մկրտչյանը եղել է առողջ: «Այս փուլում արդեն պետք է փորձենք պարզել, թե ինչու է «Բարալգետաքս» դեղամիջոցը ներարկվել 5 միլիգրամ, այն դեպքում, երբ դեղամիջոցի ինստրուկիցայում նշված է, որ առավելագույնը պետք է ներարկել 2 միլիգրամ, այն էլ շատ դանդաղ», հավելեց Ինեսա Պետրոսյանը:
Մասիսի բժշկական կենտրոնում ապրիլի 2-ին 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահը ցնցել էր բոլորին. Ցոլակի հարազատներն ու նրանց ընտանիքի փաստաբան Ինեսա Պետրոսյանը մեղադրում են հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանին:
Տուժող կողմի փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բժիշկը հիվանդին չի հարցրել` ալերգիա ունի, թե ոչ և կատարած ներարկման հետևանքով Ցոլակ Մկրտչյանն ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ: Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավար Անատոլի Գրիգորյանը սակայն, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ բժիշկը հարցրել է հիվանդը ալերգիա ունի և բացասական պատասխան ստանալուց հետո միայն կատարել ներարկում: «Իմ տվյալներով այդպես չի եղել. անկետայում նկարագրված է, որ բժիշկը երկու անգամ հարցրել է հիվանդն ալերգիա ունի՞ թե ոչ, սակայն չեն ասել որևէ բան: Բժիշկն առաջին հերթին հիվանդին հարցնում է՝ ալերգիա ունի՞ թե ոչ: Ոնց կարո՞ղ է՝ բժիշկն իմանա ալերգիա ունի ու սրսկում կատարի», -ասել էր ԲԿ ղեկավարը:
Նախորդող հրապարակում. Մասիսի ԲԿ-ի ղեկավարը Ցոլակի մահվան մեջ բժշկի մեղքը չի տեսնում. Նոր մանրամասներ երիտասարդի հանկարծակի մահվան փաստով
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են