Պատրա՞ստ է ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնը զիջել այլ ուժի
«Քարոզարշավի ամփոփումը գնահատում ենք շատ արդյունավետ, քանի որ այն ուղերձները, որ մենք ուզում էինք հասցնել երևանցուն, մեզ հաջողվել է: Մենք մեր շանսերը գանհատում ենք շատ բարձր և եթե մայիսի հինգի ընտրությունները լինեն ազատ և արդար, ապա ԲՀԿ-ն կունենա մեծամասնություն»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև շատ հավանական համարեց, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կձևավորվի հետընտրական դաշինք: Ինչ վերաբերում է Ժառանգություն կուսակցությանը, ապա Ն.Զոհրաբյանը շեշտեց, որ իր համար դեռևս հասկանալի չէ այդ կուսակցության օրակարգը, սակայն նա հույս ունի, որ ընտրություններից հետո համագործակցության եզրեր կգտնվեն:
Անդրադառնալով նախօրեին ԲՀԿ հանրահավաքից հետո տարածված լուրերին, թե ԲՀԿ-ն իր համակիրներին է բերել, գումար տվել և այլն, Ն.Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար այս խոսակցությունները կանխատեսել էին, ԲՀԿ-ն ողջ քարոզարշավի ընթացքում հետևել ու սպասել է այդ հակաքարոզչական երևույթներին. «Մեզ համար կանխատեսելի էին բոլոր հակաքարոզչական սցենարները, բայց որևէ արտառոց բան չի եղել: Բնական է, մեր ակտիվիստները հագել են ԲՀԿ շապիկները, ի՞նչն է զարմանալի»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նաև հավելեց, որ զարմանում է այդ լուրերի վրա, որովհետև ուղղակի անհնար է պատկերացնել, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է բռնի ուժով մարդկանց բերել հանրահավաքի. «Դա աբսուրդ է»,- շեշտեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞վ է բացատրում պատգամավորը ՀԱԿ-ԲՀԿ առկա համակրանքը, Ն.Զոհրաբյանը նախ նշեց, որ այդ հարցը ճիշտ է ուղղել ՀԱԿ ներկայացուցիչներին, սակայն հավելեց. «Մենք շատ ճիշտ համագործակցում ենք և իշխանության բոլոր փորձերը սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մեջ չի ստացվի»,- շեշտեց Ն.Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում անցած տարիներին ինչ հնարավոր է եղել, դա արել է, որպեսզի լինի երևանցու կողքին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն պատրաստ է քաղաքապետի պաշտոնը ընտրություններից հետո զիջել այլ կուսակցության, պատգամավորը նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց ոչինչ բացառել պետք չէ: Իսկ հարցին, թե հավանական է համարում, որ ընտրությունները իսկապես կեղծվելու են, Ն.Զոհրաբյանը արձագանքեց` այո, ամեն փորձ արվելու է, բայց պետք չէ հուսահատվել. «Մենք միամիտ չենք և հրաշալի գիտենք, որ շատ բան արվում է մինչև ընտրություններ: Բայց պետք է ապահովենք ու պաշտպանենք երևանցու քվեն և բոլոր ռեսուրսները դրա համար ունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում