Դավիթ Սանասարյան. Նախևառաջ պետք է փոխվի Երևանի կառավարման արատավոր, կոռումպացված համակարգը
Եվս մի քանի ժամ ու Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմնա անցյալում: Panorama.am-ը «Բարև Երևան» դաշինքի մամուլի պատասխանատու Դավիթ Սանասարյանի հետ ամփոփել է քարոզարշավի արդյունքները:
Սանասարյանը ձեռնպահ մնաց պատասխանել հարցերին, թե քանի ընտրական շտաբ ունի դաշինքը, քանի վստահված անձ:
-Ընդհանուր գծերով, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը:
-«Բարև Երևան» դաշինքի կողմից քարոզարշավն անցավ ակտիվ-բովանդակալից, արդեն սովորություն դարձած մեր քարոզչական ոճով հասցրեցինք հանդիպել հնարավորինս շատ քաղաքացիների, բարևել նրանց, ներկայացնել մեր ծրագրի և Երևանի հիմնախնդիրների լուծման մեր առաջարկները: Ցավոք, Հայաստանի իշխանական-պետական այրերը և նրանց սպասարկող քրեաօլիգարիկ տարրերը այդպես էլ չկարողացան դուրս գալ ավանդույթ դարձած ընտրական արատավոր պրակտիկայի շրջանականերից, և այս ընտրարշավի շրջանակներում որևէ դրական փոփոխություների ականատեսը չեղանք:
- Քանի՞ հանդիպում եք ունեցել ընտրողների հետ. բակային հանդիպումներ, երթեր, հանրահավաքներ, դահլիճային հավաքներ:
-Ընտրողների հետ հանդիպել ենք Երևանի բոլոր վարչական շրջաններում, բակերում, փողոցներում, խանութներում, և կարող եմ վստահաբար ասել, չնայած ֆինանասական սեղմ միջոցներին` մեզ հաջողվել է իրականացնել լայնամասշտաբ քարոզարշավ…
- Արդյո՞ք ձեր գլխավոր ասելիքը հասցրել եք ընտրողներին:
-«Բարև Երևան» դաշինքը հանդիսանում է բարևի հեղափոխության դրսևորումներից մեկը, ուստի ընտրողներին մեր հիմնական մեսիջը եղել է Երևանում իշխանափոխության միջոցով հասնել երկրի մոնոպոլ ու միահեծան իշխանության փոփոխությանը:
- Որո՞նք են Երևանի հիմնական խնդիրները և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները առաջիկա 4 տարվա կտրվածքով:
-Երևան քաղաքի ներկայիս բյուջեն միանգամայն բավարար է մի շարք արդյունավետ, կրկնում եմ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը չի արվել այս տարիների ընթացքում, այսինքն, նախևառաջ պետք է փոխվի Երևանի կառավարման արատավոր, կոռումպացված համակարգը, որը հնարավորություն կընձեռի նպատակային օգտագործել մայրաքաղաքի ռեսուրսները: Հիմնական խնդիրներից կնշեի կրթական հաստատությունների ապակուսակցականացումը, մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի վերականգնումը, աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, տրանսպորտի գլոբալ խնդրի հանգուցալուծումը, կանաչ տարածքների ստրատեգիական վերականգնումը, և իհարկե, մեկընդմիշտ վերացնելու ենք Երևանի վարչատարածքային ենթակառուցվածքների կուսակցական շտաբերը: