Վաղը լռության օր է
Այսօր` կեսգիշերին կավարտվի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը. վաղը «լռության օր» է, այսինքն` թեկնածուների ամեն տեսակ քարոզչությունն արգելվում է: Մայիսի 5-ին ժամը 08:00-ին կբացվեն արդեն ձևավորված տեղամասային կենտրոնները, իսկ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին:
Երևանի ավագանու ընտրություններին, որի արդյունքում հայտնի կդառնա քաղաքապետի անունը, մասնակցում են 7 քաղաքական ուժեր՝ 6 կուսակցություններ և մեկ դաշինք:
Դրանք են՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես, Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, որի հիմնական կորիզը կազմավորվել է «Ժառանգություն» կուսակցության վրա:
«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչյա Սարգսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կա 194 թեկնածուի անուն: Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և ԱԺ պատգամավոր, անկուսակցական Աբրահամ Մանուկյանը։
«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակում կա 64 թեկնածուի անուն: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են հետևյալ հերթականությամբ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։
Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների թիվը 42-ն է: Ցուցակի առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը և Արման Մուսինյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրական ցուցակում կա 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։
Հանրապետական կուսակցության ցուցակում թեկնածուների թիվը 195-ն է: Այսպես՝ առաջին երեք տեղերը հետևյալ հերթականությամբ զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անկուսակցականներ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում կա 105 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են՝ ՕԵԿ վարչության անդամ, նախկին Հանրապետական, ինչպես նաև Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին