«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոն. Վերացնել մայրաքաղաքի ու մարզերի միջև եղած անջրպետը
Մայիսի 13-ին մեկնարկելու է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ միաժամանակ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
Ըստ նրա, փառատոնի նպատակն է աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու համագործակցության շրջանակը. «Փառատոնը նպատակ է հետապնդում ակտիվացնել ստեղծագործող երիտասարդների միջև կապը, վերացնել մայրաքաղաքի ու մարզերի միջև եղած անջրպետը, որ կա մշակութային ստեղծագործական դաշտում»:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանն էլ նշեց, որ փառատոնի նպատակն է Երևանի ու մարզերի ստեղծագործողների միջև քանդել սահմանները: Նրա խոսքով, ենթադրում են, որ փառատոնը կավարտվի ոչ թե փակման օրը մայիսի 19-ին, այլ կլինի շարունակական. այն ստեղծագործությունները, որոնք կճանաչվեն լավագույնը, կներկայացվեն նաև մարզերում:
Ռեժիսոր Հայկ Օրդյանն ասաց, որ փառատոնի ընթացքում ներկայացնող ֆիլմերի գերակշիռ մասը խաղարկային ֆիլմերն են, ինչն անակնկալ է եղեկ իր համար, քանի որ փառատոների ընթացքում սովորաբար վավերագրական ֆիլմեր են ներկայացվում:
Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Է. Բարսեղյանն ասաց, որ մասնակիցների կեսից ավելի մարզերից են: Ներկայացված են հիմնականում վերջին երեք տարվա ընթացքում սետղծված աշխատանքները:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրենց համար կարևոր և ողջոնելի է, որ երիտասարդական ծրագրերն ընդլայնվում են, միաժամանակ նշելով, որ պատրաստ են օգնել ոչ միայն փառատոնի կայացմանը, նաև ընթացքին: Վ. Գրիգորյանի դիտարկմամբ, փառատոնային օրերը լինելու են հագեցած:
Է. Բարսեղյանը հույս հայտնեց, որ փառատոնը կլինի ամենամյա, միաժամանակ հավելելով, որ ինչպես ամեն նոր բան, դեռ պետք է հաստատվի: «Հույս ունեմ, որ կլինի ամենամյա, քանի որ ձևաչափը այլ է` միավորում է արվեստի մի քանի ճյուղեր»,- նշեց փառատոնի նախագահը:
Նախորդող նորություն` «Արտ-Ֆեստ». Արվեստի տեսակները՝ «Մեկ տանիքի ներքո» (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում