Փորձագետ. Ադրբեջանն արգելակում է իրավիճակի լիցքաթափմանն ուղղված նախաձեռնությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը դիպուկահարներին առաջնային գծից դուրս կբերի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը ազատագրվի»՝ հավելելով, որ Ադրբեջանը «իվիճակի է ցանկացած պահի ազատագրել օկուպացված տարածքները»:
Հայտնի է, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին գրանցվող երկուստեք կորուստների զգալի մասը պայմանավորված է դիպուկահարների ակտիվ գործողություններով: Իսկ ցանկացած կորուստ կամ ակտիվ փոխհրաձգություն կտրուկ սրում է իրավիճակը սահմանագծին:
Հայկական կողմից մշտապես առաջ քաշվող ու միջազգային հանրության աջակցությունը ստացած նախաձեռնությունը՝ դիպուկահարներին դուրս բերել առաջնային գծից, նպատակ ունի ոչ միայն կտրուկ նվազեցնել երկուստեք կորուստները, այլ թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունը:
Ադրբեջանն անհամաձայնություն հայտնելով վերոնշյալ նախաձեռնությանը դրանով իսկ ցույց է տալիս՝ առաջին, որ թքած ունի մարդկային կորուստների վրա, երկրորդ, նպաստում է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու անկայությանը, անտեսում է միջազգային հանրության հորդորները:
Ինչ վերաբերվում է Սաբիրօղլուի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանն ի վիճակի է ցանկացած պահի ազատագրել օկուպացված տարածքները», ապա բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը նման հնարավորություն ունենար, ապա ոչ թե տարիներ շարունակ այդ մասին կհայտարարեր կամ սպառնալիքներ կհնչեցներ, այլ վաղուց ռազմական գործողությունները վերսկսած կլիներ:
Նման հայտարարության հնչեցումը երկու հիմնական պատճառ կարող է ունենալ: Առաջին, Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում կողմերի ռազմական պոտենցիալը և պատերազմական գործողությունների վերսկսման հնարավոր հետևանքները (այդ թվում՝ դիվանագիտական): Երկրորդ, սա ներքին սպառմանն ուղղված հայտարարություն է, մանավանդ, որ առջևում նախագահական ընտրություններ են, իսկ հայր և որդի Ալիևների՝ ադրբեջանական հասարակությանն ուղղված վերջին 2 տասնամյակների գլխավոր խոստումը՝ Ղարաբաղի հարցի՝ իրենց համար ցանկալի լուծումն է: Ադրբեջանի ղեկավարությունը երկրի ներսում փորձում է համոզել, որ ռազմական բյուջե ուղղվող միլիարդավոր դոլարներն ունեցել են ցանկալի արդյունք և իրենք իվիճակի են կատարել տրված խոստումը:
Իրականում ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ, որ իր բացասական դիրքորոշումն է արտահայտում դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու մասին: Սակայն Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն իրական քայլերը չի ձեռնարկում խնդրի կարգավորմանը հասնելու համար, այլ նույնիսկ արգելակում է իրավիճակի լիցքաթափմանն ուղղված նախաձեռնությունները:
Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները