ԲՀԿ-ական նախկին նախարար Վ. Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին վիլլա է գնել Իսպանիայում
«Ժամանակի» տեղեկություններով՝ Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում:
«Այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին: Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեց նաև, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում: Ճիշտ է, այդ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուները այդպես էլ չհայտնաբերվեցին: Փոխարենը քաղաքական շրջանակներում ասում են, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանիայում շքեղ վիլլա է գնել»,-գրել է թերթը: