ՀՊՃՀ-ում անցկացվել է է «Ռոբոտների օր»
Նախօրեին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում անցկացվել է «Ռոբոտների օր» (Robotics Day) միջոցառումը: Միջոցառման ընթացքում «Սայմոտեկ» ընկերության կողմից ներկայացվեց «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի շրջանակում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում:
Ուսումնական ռոբոտի կոմպլեկտը հանդիսանում է ռոբոտաշինության խմբակների հիմքը: Այն խմբակների մասնակիցներին հնարավորություն կընձեռի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել ծրագրավորման, մեխանիկայի, էլեկտրոնիկայի և ռոբոտաշինության ոլորտում:
Ուսումնական ռոբոտի կոմպլեկտը նախագծելու և նախատիպը ստեղծելու նպատակով ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը հատկացրել է մոտ 10 միլիոն դրամ: