Երևանցիները վաղն ընտրելու են քաղաքապետ
Այսօր Երևանում լռության օրը է. վաղը տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Նախընտարական քարոզարշավը մեկանարկել է ապրիլի 7-ին և ԸՕ համաձայն, ընտրություններից մեկ օր առաջ թեկնածուների ամեն տեսակ քարոզչությունն արգելվում է:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 13 ընտրատարածք և 464 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են 3712 անդամներ:
Ընտրություններին մասնակցում են 7 քաղաքական ուժեր՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Բարև Երևան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Երևանում ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: Հիշեցնենք, որ 2009 թ. մայիսի 31-ին կայացած ընտրություններում ընտրելու իրավունք ուներ 771 հազար 477 երևանցի։
Վաղը, ժամը 08:00-ին կբացվեն արդեն ձևավորված տեղամասային կենտրոնները, իսկ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:
Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: