Սոցիոլոգ. Մոտ 500.000 ԱՄՆ դոլարի ընտրակաշառք է տրվել
Ընդդիմության փորձը քաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունը տանուլ տվեց հենց ընդդիմության համար: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» անկախ վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ամփոփելով մայիսի 5-ին տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքները: Ըստ բանախոսի` բոլոր քաղաքական ուժերը ստացան այն, ինչ ունեին, մասնավորապես.
«Ժառանգությունը» պահպանեց ութ տոկոսը, դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն է, որը վերջին տարիներին չի փոխվում: ՀԱԿ-ը , վերադառնալով` ՀՀՇ-ի անվերադարձորեն կորցրել է իր նկատելի դերը: ԲՀԿ-ը վերականգնել է իր ընտրողների հավատը, այլ բան, թե ինչ ճանապարհով: ՀՅԴ-ը ու ՕԵԿ-ը պետք է լուրջ մտածեն իրենց ապագայի մասին, քանի որ նման մասշտաբի կուսակցությունները հզորանում են համագործակցելով իշխանության հետ: Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի վարկանիշները համեմատաբար մոտ էին իրար, քանի որ նրանց ընտրողները գիտակցվում են, որ պետք է ընտրեն մի քաղաքապետ, ով տնտեսագետ է, ոչ թե` քաղաքական գործիչ»:
Սոցիոլոգը փաստեց, որ ինչպես նախորդ, այսպես էլ այս ընտրություններին ծախսվել է մեծ թվով ընտրակաշառք, սակայն դա էապես չի ազդել արդյունքների վրա: «Մոտ չորս- հինգ տոկոսն է նյութապես խրախուսվել, որը կազմում է շուրջ քսան հազար ձայն: Ծախսվել է մոտ 500.000 ԱՄՆ դոլար», - ասաց նա: