Սահմանամերձ բագարանցիների ճակատագիրը կախված է Բեգլարյանից
Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի տրանսպորտի հարցը առայժմ լուծում չի ստանում. մարդիկ շարունակում են թակել մարդկանց դռները` խնդրելով իրենց տեղափոխել կամ Արմավիր, կամ Երևան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ ծանոթ է խնդրին և երթուղին սպասարկելու մրցույթ հայտարարել են, սակայն մասնակից չի եղել, քանի որ գործը շահութաբեր չէ:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և փորձում ենք լուծել այն: Այժմ բանակցություններ ենք վարում տրանսպորտի նախարարության հետ. Մենք նախարարությանն առաջարկել ենք Երևան-Շենիկ գիծը դարձնել Երևան-Բագարան»,- փոխանցեց մարզպետը: Նա ասաց, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին նամակ է ուղարկել և սպասում է նրա պատասխանին:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր գյուղացիներին տանջող խնդրին, և հարցում արել տրանսպորտի և կապի նախարարություն: Սակայն այստեղից պատասխանել էին, որ մարզային տրանսպորտի հետ կապված հարցերի լուծումը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:
«Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի՝ ներմարզային երթուղային ցանցը ձևավորում է համապատասխան մարզպետը»,- տեղեկացրել էին նախարարությունից:
Նախորդող հրապարակում. Կղզիացած Բագարան. Սահմանամերձ գյուղի միակ տրանսպորտը չի աշխատում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները