Գյուլնազ տատի հեքիաթներից են. Բագրատյանը իր դեմ հարուցված քրեական գործի մասին
«Ապատեղեկատվություն է, որն արդեն մեկ ամսից ավել է բոլոր կայքերը տպում-արտատպում են միմյանցից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում ավագանու անդամ դարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդա, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը` հերքելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկությունը:
Ավելի վաղ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ըստ աղբյուրի, խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին. մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։
«Եթե տեղեկությունը սուտ է, ինչ կապ ունի, միլիո՞ն է, 100 միլիոն է, թե 3000»,- նկատեց նախկին մարզպետը:
Փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որի համաձայն նախկին մարզպետը մի քանի համայնքների ղեկավարներից պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք եղել են կեղծ, պարոն Բագրատյանն ասաց. «Գյուլնազ տատի հեքիաթներից են դրանք»:
Հարցին, թե նախկին պաշտոնյային չե՞ն կանչել հարցաքննության, Բագրատյանը պատասխանեց հարցով. «Եթե դեպք չկա, ինչո՞ւ պիտի կանչեին հարցաքննության: Ես անընդհատ հերքում եմ այդ տեղեկությունները, ինչքան կարելի է նույն բանն ասել: Եթե ես հերքում եմ, ուրեմն նման բան չկա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե պատրաստվո՞ւմ է աշխատել Երևանի ավագանու կազմում, ԲՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Ինչպես կուսակցությունը որոշի»: