8/09. Մի ընտրատեղամասի պատմություն. «iPhone» ՀՀԿ քվեաթերթիկի դիմաց (տեսանյութ)
8/09 ընտրատեղամասում, որը գտնվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 միջնակարգ դպրոցում, քվեաթերթիկների ժամանակ մարդաշատ էր: Այստեղ էին Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուներ Էդվարդ Մխիթարյանը, Մեսրոպ Մանուկյանը, Հանրապետական կուսակցության շուրջ 4 վստահված անձինք: Նկատենք, որ Մեսրոպ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի (գեներալ Մանվել) օգնականն է:
Հաշվարկն այս ընտրատեղամասում բավական աղմկոտ անցավ. Հանրապետականի օգտին քվեարկած յուրաքանչյուր քվեաթերթիկը հանելուց հետո ծափահարում էին, գոռում, իսկ հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանն էլ արժանանում էր «կուկլա ջան» հաճոյախոսությանը: Բացի դրանից, գեներալ Մանվելի օգնականը հանձնաժողովի նախագահին խոստացավ սկզբում օծանելիք, որը առանձնակի հաճույքով ընդունեց տիկին Շահբազյանը: Սակայն երբ քվեաթերթիկների քանակն ավելացավ Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետարանի աշխատակից Նարինե Շահբազյանն արդեն ինքը պահանջներ առաջ քաշեց. « iPhone ա պետք» ու գեներալի օգնականին ցույց տալով իր հեռախոսը, ասաց. «Տեսնում ե՞ս, էս չխկուլիկի հույսին եմ»:
Բացի թանկարժեք իրեր խոստանալուց, ավագանու թեկնածու պատգամավորի օգնականը նաև ցուցումներ էր տալիս, հեռախոսով լրատվամիջոցներից տեղեկանում էր իր մասին նյութերին ու սկսում գոռգոռալ, տարածքում լրագրողներ էր փնտրում ու վիրավորում:
Ավելի վաղ, քվեարկության օրվա ընթացքում, այս թեկնածուն տարածքում ներկայացել էր որպես Հանրապետականի վստահված անձ, և հանձնաժողովի նախագահը չէր փորձել նրան զգուշացնել, որ ըստ օրենքի, թեկնածուները վստահված անձ չեն կարող լինել ու չեն կարող գտնվել ընտրատեղամասում: Հետո երբ այդ մասին ահազանգեր ու հրապարակումներ եղան էլեկտրոնային լրատվամիջոցներում, թեկնածուն լքել էր ընտրատեղամասը, բայց եկավ արդեն երեկոյան, հաշվարկի ժամանակ ու ասաց, որ ինքը օրենքի այդ դրույթի մասին չի իմացել:
Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը «յուրահատուկ» էր նաև այլ իմաստով. «Բարև Երևան» դաշինքի քվեաթերթիկները հանելիս, ասում էր` «բարլուս», քվեաթերթիկն անվավեր դարձրած մարդկանց վիրավորում էր:
Քվեաթերթիկների հաշվարկը 8/09 ընտրատեղամասում ավարտվեց քեֆ-ուրախությամբ. Հանրապետական կուսակցության վստահված անձ Պարույր Պետրոսյանի ծննդյան օրը նշեցին թխվածքով ու շամպայնով:
Նախորդող լուրեր. 8/09-ում առաջատարը ՀՀԿ-ն է. Շամպայնով քեֆ ու ծնունդ են անում (լուսանկարներ)
Մանվել Գրիգորյանի օգնականը 8/09-ում է
«Մի դատարկեք Երևանը». 8/09 ընտրատեղամասում առաջին քվեաթերթիկը անվավեր ճանաչվեց (Լուսանկարներ, Տեսանյութը` շուտով)
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են