ՀՀԿ-ն կստանա մանդատների կեսից ավելին, Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել են մասնակից յոթ ուժերից միայն երեքը:
Առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է 235512 ձայն կամ բոլոր ձայների 55.89%-ը: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որին ձայն են տվել 97189 ընտրողներ կամ կամ 23.07%-ը: Նվազագույն շեմը հաղթահարել է նաև «Բարև Երևան» դաշինքը՝ 35732 ձայնով, ինչը հավասար է ընտրողների ձայների 8.48%-ին: Մյուսների մոտ պատկերը հետևյալն է. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 18499 ձայն կամ 4.39%-ը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն՝ 15999 կամ 3.80 %, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 15733 ձայն կամ 3.73 %, «Առաքելություն» կուսակցություն՝ 2692 ձայն կամ 0.64%:
Նշենք, որ ըստ օրենքի եթե որևէ կուսակցության հաջողվում է զբաղեցնել Երևանի ավագանու մանդատների կեսից ավելին, այդ կուսակցության ցուցակում առաջին համարը զբաղեցնող անձը կարող է դառնալ քաղաքապետ: Այսինքն՝ նախնական արդյունքների համաձայն, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է իր պաշտոնում: