Կ. Քոչարյան. Ամենալավ բժիշկն անգամ մեռածին չի կարող վերակենդանացնել
«Ստանդարտ հայկական ընտրություններ էին` սկսած քարոզչությունից, վերջացրած արդյունքներով: Իսկ կուսակցությունների բողոքները` կապված արդյունքների հետ, ընդամենը դեկլարատիվ բնույթ կրող բողոքներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում`անդրադառնալով երեկ տեղի ունեցած` Երևանի ավագանու ընտրություններին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Համեմատելով նախագահական և ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված տեխնոլոգիաներն ու ստացված արդյունքները, բանախոսը նշեց. «Նախագահականի հետ տարբերությունն այն էր, որ ընդդիմությունը ռազմավարական սխալ թույլ տվեց` միայն սև փիառի տեխնոլոգիաներ կիրառեց: Բացարձակ սև փիառ էր ընթանում, որը չափից ավելի էր և ես կարծում եմ, այդ «չափազանցը» բացասական ազդեցություն ունեցավ»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե` այս անգամ կարծեք թե ընդդիմադիր ուժերը ընդհանուր լեծու գտնում էին և արդյո՞ք այդ հանգամանքը դրական ազդեցություն չի ունեցել ընդդիմության վարկանիշի վրա, Կ. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ինչպես ցույց են տվել փաստերը, հետընտրական դաշինքի գաղափարը «հերթական փուչիկն» է եղել. «Ընդհանուր լեզու գտնելն այն կլիներ, երբ միանային: Մնացածը փուչիկ է, երբ ասում էին` հետո կմիանան: Հիմա ԲՀԿ-ն ո՞ւմ պիտի միանա, որտե՞ղ պիտի միանա»:
Նա նաև հավելեց, որ ընտրությունների արդյունքներն իր համար գրեթե կանխատեսելի են եղել.
«Կանխատեսելի էր, որ հատկապես այդ ընտրարշավով ՀՅԴ-ն նվազագույն շեմը չէր հաղթահարի: Լավ ընտրարշավ էր տանում Արմեն Երիցյանը, բայց ոչ ՕԵԿ-ը: Նա, որպես անհատ, ցույց տվեց, որ ոչ միայն մենեջեր կարող է լինել, այլև կարող է լինել բավականին լավ քաղաքական փիար պերսոն: Սա այն դեպքն է, երբ ամենալավ բժիշկն անգամ մեռածին չի կարող վերակենդանացնել»:
Քաղտեխնոլոգի համոզմամբ` ՕԵԿ-ի` ավագանու կազմում չընդգրկվելը ոչ թե Ա. Երիցյանի, այլ հենց կուսակցության խնդրով է պայմանավորված:
«Իսկ ՀԱԿ-ը զգաց հերթական քաղաքագիտական վերլուծությունների հետևանքը` բուրժուադեմոկրատական հեղափոխություններով հանդերձ»,- հավելեց Կ. Քոչարյանը: