«168 ժամ». Հրանուշ Հակոբյանին կփոխարինի Հայկ Դեմոյանը
«168 ժամը» գրում է. «Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր կողմից ձևավորած նոր կառավարության կազմը: Կառավարությունը կլինի հնի կրկնությունը՝ խիստ մասնակի փոփոխություններով: Իսկ ինչպիսին են լինելու այդ մասնակի փոփոխությունները: Սպասվող ամենամեծ փոփոխությունն այն է, որ կառավարությունը դառնալու է երկբևեռ. կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանին լուրջ հակակշիռ է հայտնվելու` ի դեմս ՊԵԿ ներկայիս նախագահ Գագիկ Խաչատրյանի, ով ղեկավարելու է կառավարության կազմում ձևավորվելիք Ֆինասների սուպերնախարարությունը: Այն ստեղծվելու է ՊԵԿ-ից անջատված հարկային տեսչության և Ֆինանսների նախարարության միաձուլման արդյունքում: Կառավարության կազմում սպասվող մյուս փոփոխությունը կապվում է Սփյուռքի նախարարության հետ: Հաստատվում են այն տեղեկությունները, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխարինելու է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Սա երևի կապված է այն հանգամանքի հետ, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը պատրաստվելու է Ցեղասպանության 100-ամյակին, և Սփյուռքի հետ կապերի հիմնական թեման վերաբերելու է հենց այդ միջոցառումների կազմակերպմանը: Երևի համարվում է, որ Դեմոյանն ավելի իրազեկ է Ցեղասպանության հետ կապված խնդիրներին և ավելի լավ կկազմակերպի նախարարության գործունեությունը: Ամենայն հավանականությամբ, երկրի բարձրագույն իշխանությունը Հրանուշ Հակոբյանին անգործ չի թողնի, և նա իր կուտակած փորձն ու հմտությունները կկարողանա օգտագործել որևէ երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնում:
Սպասվում է, որ փոփոխություն կլինի նաև Բնապահպանության նախարարությունում: Այս նախարարության գործունեությունից դժգոհությունները միշտ էլ շատ են եղել, սակայն վերջին շրջանում դրանք ավելի մեծ հասարակական հնչեղություն են ստանում: Ո՞վ կփոխարինի Արամ Հարությունյանին, թերթին չի հաջողվել պարզել: Ավելի վաղ մամուլում, որպես այս պաշտոնի հավակնորդ շրջանառվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը:
Չնայած անընդհատ խոսվում էր, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա Սպորտի և Երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ակտիվորեն ներգրավված էր ԲՀԿ Երևանի ավագանու քարոզարշավում, բայց նա կպահպանի իր պաշտոնը, և ի դեմս նրա` ԲՀԿ-ն կառավարությունում ներկայացված կլինի մեկ նախարարով: Իրենց պաշտոնները կպահպանեն նաև ՕԵԿ-ական նախարարները, քանի որ ՕԵԿ-ը շարունակում է մնալ կոալիցիայի անդամ»: