Արմեն Աշոտյան. «Պետական բուհերը պետք է դառնան հանրային կամ ազգային ուսումնական հաստատություններ»
Երևանում այսօր մեկնարկեց «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով համաժողովը, որը կազմակերպվել է Համաշխարհային բանկի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցում էին կրթության ոլորտի միջազգային ու տեղական փորձագետներ:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀԲ-ի Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նարիա Մելքումյանը, համաժողովի նպատակն է բարձրագույն կրթության ոլորտի մասնագետներին հնարավորություն ընձեռել քննարկելու ոլորտում առկա խնդիրները, բարեփոխումների ընթացքը, ներկա մարտահրավերները, Հայաստանում և ամբողջ աշխարհում Բոլոնիայի գործընթացի, ինչպես նաև բուհերի կառավարման համակարգերի հետ կապված հարցեր:
«Կրթական ոլորտում իրականացվող գործընթացները առավել արդյունավետ դարձնելու և հասարակության վերաբերմունքը այդ գործընթացների նկատմամբ բարելավելու համար դեռևս կա մեկ վճռորոշ քայլ, այն է՝ բուհերում ստեղծել կառավարման արդյունավետ համակարգեր, որոնք հնարավորություն կտան տարանջատելու պետության և բուհերի լիազորությունները»,- ասաց Ն.Մելքումյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի խոսքերով՝ բարձրագույն կրթական համակարգն ամբողջ աշխարհում ապրում է բուռն զարգացումներ և Հայաստանը անմասն չի մնացել այդ զարգացումներից:
Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում կան դեռևս լուրջ խնդիրներ՝ կապված բարձրագույն կրթություն-տնտեսություն-աշխատաշուկա կապի մոդելների ստեղծման և իրականացման հետ: «Երկար տարիներ պետությունը դիտարկում էր բուհերը որպես պետական ուսումնական հաստատություններ, սակայն հետևելով միջազգային զարգացումներին, մենք պատրաստ ենք և արդեն ձեռնարկել ենք առաջին քայլերը՝ ընդլայնել բուհական ինքնավարության աստիճանը, այդ թվում՝ կիրառելով կազմակերպաիրավական ձևերի բազմազանությունը պետական բուհերը վերածել հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա նշեց, որ պատրաստ են բուհերին տալ մեծ ազատություն, բայց այդ ամենը պետք է ուղեկցվի թափանցիկության, հաշվետվողականության և հանրության կողմից տվյալ բուհերի գործունեության նկատմամբ արժանահավատության բարձրացմամբ:
Ա.Աշոտյանը նաև ընդգծեց, որ 2005 թ. Բոլոնիայի գործընթացին միանալուց ի վեր Հայաստանի բուհերը զգալի առաջընթաց են արձանագրել բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: Այդուհանդերձ, նա նկատեց, որ ինքը կողմնակից է, որպեսզի բարձրագույն կրթության համակարգում առավել կտրուկ քայլեր իրականացվեն:
Համաժողովի շրջանակներում ՀԲ բարձրագույն կրթության հարցերով համակարգող Ֆրանցիսկո Մարմոլեջոն էլ հանդես եկավ «Բարձագույն կրթության ոլորտի բարեփոխումները, կառավարման մոդելները աշխարհում և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների վրա» զեկույցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա