Այսօր Տարոն Մարգարյանը մտահոգվել է Երևանում կանաչ տարածքների ծավալներով
«Չնայած կատարված աշխատանքներին, Երևանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք»: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա նշել է, որ առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Խոստացել է, որ այդ նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում:
«Վստահ եմ, որ մի քանի տարիների ընթացքում մեր ծրագիրը հաջողությամբ կավարտենք և կվերականգնենք ու կգերազանցենք մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները»,- ասել է քաղաքապետը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ: