Իրանի գլխավոր դատախազն ու ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել են Թավրիզում ադրբեջանցի գիտնականի ձերբակալման փաստին
«Օտար երկրի քաղաքացու կողմից ցանկացած անթույլատրելի գործողություն հայտնվում է անվտանգության ուժերի տեսադաշտում»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, անդրադառնալով օրերս Թավրիզում Իրանի անվտանգության ուժերի կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալման փաստին, մասնավորապես նշել է. «Օտար երկրի քաղաքացու կողմից ցանկացած անթույլատրելի և անսովոր գործողություն հայտնվում է անվտանգության ուժերի տեսադաշտում: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունները ընդգծում են, որ դեմ են ծայրահեղական խմբավորումների գործունեությանը, սակայն որոշ մարդիկ հակված են այնպիսի քայլեր անել, որոնք դեմ են երկու երկրների հարաբերություններին»:
Հավելենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհսենի Էժեյին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չներկայացնելով, միայն տեղեկացրել է, որը ընթանում է նախաքննություն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ապրիլի 30-ին Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում 6 անձ են ձերբակալել, որոնցից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականն են եղել:
Այդ առնչությամբ՝ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Իրանի ԱԳՆ:
Նախորդող հրապարակում՝
ԻԻՀ ԱԳՆ. Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են անօրինական քայլեր կատարելու մեղադրանքով