Հովիկ Աբրահամյանը՝ իր և Շարմազանովի հարաբերությունների մասին
«Իմ և Շարմազանովի միջ չի կարող հակասություն լինել, քանի որ նա իմ տեղակալն է: Իսկ ԱԺ փոխնախագահը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները: Երկրորդ՝ ոչ մի հակասություն չի եղել, չի էլ լինելու ապագայում», -մայիսի 7-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահի ու փոխնախագահի միջև հարաբերությունների մասին հարցին:
Գնահատելով մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին Հովիկ Աբրահամյանը դրանք համարեց «որակյալ, փայլուն և ժողովրդավար»: Լրագրողները նկատեցին, որ այս ընտըրություններում հատկապես ակտիվ էին թաղային հեղինակությունները, ինչի ի պատասխան ԱԺ նախագահը հայտարարեց. «Ի՞նչ կապ ունեն ընտրությունները թաղային հեղինակությունների հետ: Խնդրում եմ այդ արտահայտություններից, գողական ձեւակերպումներից՝ «քուչի տղա», ինձ հեռու պահեք: Այդ բառերը ձեր լեքսիկոնից էլ հանելու ժամանակն է»:
Աբրահամյանը նաև ասաց, որ կառավարությունը իր նոր կազմով հաստատակամ է գնալ բարեփոխումների ճանապարհով: «Հիմա նախագահը կառավարությանը հանձնարարական է տվել, և աշխատավարձերի բարձրացում է սպասվում: Նվազագույն աշխատավարձը հունիսի 1-ից բարձրանալու է տասը հազար դրամով, հունվարի 1-ից քննարկվում է ընդհանրապես աշխատավարձի բարձրացման հարցը: Դրանք քայլեր են, որ պետք է առաջ տանենք»,- հավելեց ԱԺ խոսնակը: