Տպագիր առաջին հայալեզու Աստվածաշունչն արդեն պատկանում է Մատենադարանին
Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով: Ոսկան Երևանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին` Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է և առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս հատորը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում. Ոսկան Երևանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ, որը հայկական արվեստի և պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ է՝ փորագրության և դաջվածքի հմուտ մշակմամբ: Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է և' ոսկերչական նրբագույն արվեստին, և' մանրանկարչությանը, և, որ ավելի կարևոր է` աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին`Համբարձման տեսարանն է: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչներն` իրենց խորհրդանիշերով:
«Հավանաբար, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդն, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի և գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի և գոյության համար մարտնչող ժողովրդին ետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության և աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի ևս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները