Շուշին ազատագրվեց, բայց Դուշման Վարդանը չամուսնացավ… «Ինչու ես ուզում ուրիշի աղջկան դժբախտացնեմ»
Շուշին երկու կարևոր խորհուրդ ունի` անհնարինը հնարավոր, անկարելին կարելի դարձնելու և ազգային միասնության: Խոսելով Շուշիի ազատագրման մասին, նման դիտարկում արեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: «Շուշիի ազատագրումը պետք է օրինակ լինի»,- նկատեց նա:
Ըստ նրա, Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի համար կարևոր է հոգեբանական, ռազմական առումով: «Հոգեբանական առումով կարևոր է, քանի որ մենք դարեր շարունակ ամրոցներ, բերդեր ենք կորցրել, իսկ այս դեպքում մենք կարողացանք ազատագրել»:
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ:
Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը:
Ասուլիսին ներկա Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Դուշման Վարդանի քույր Արմինե Ստեփանյանն էլ ասաց. «Ինձ թվում էր, որ Շուշիից կենդանի վերադառնա, մահ չի ունենա: Ցավոք (մահացել է 1992թ. հուլիսի 3-ին,) … Մենք հույս ունեինք, որ Վարդանը Շուշիի ազատագրումից հետո կամուսնանա: Բավականին ուշ եկավ ազատագրումից հետո: Մայրս ասաց գոնե ամուսնացիր… Նա էլ ասաց, թե ինչու ես ուզում ուրիշի աղջկան դժբախտացնեմ: Վարդանի կյանքը կիսատ մնաց»: Դուշման Վարդանի քույրը մի քանի մեջբերումներ արեց նրա` դեռևս դպրոցական տարիներին գրված շարադրություններից: 9-րդ դասարանում նա գրել էր. «Ես երջանիկ եմ, երբ բոլորն էր երջանիկ»:
Ա. Ստեփանյանը շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների առիթով. «Շնորհավորում եմ հաղթած ժողովրդին: Ցանկանում եմ, որ մենք իրականում վայելենք մեր հաղթանակը: Այն ժամանակ սոցիալական ծանր բեռի տակ կքած, չվայելեցինք այդ հաղթանակը: Խոշոր հաղթանակները դեռ առջևում են: Վստահ եմ, որ դրանք կլինեն խաղաղ` դիվանագիտական ճանապարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան