Գ.Մինասյան. «Ժառանգության» անվանափոխումը շատ ընտրողների մոտ շփոթ է առաջացրել
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից մեկը իր հիմնադիր համագումարի ժամանակ իրենց կողմից իրականացված քաղաքականությունը փորձեց արդարացնել և դրա հետևանքով այդ քաղուժը այս անգամ նույնիսկ չհավաքեց այնքան միավոր, որ ներկայացված լինի քաղաքապետարանում. «Սա բնական արդյունք է այն գործընթացի, որ իրականացնում էր այդ քաղաքական ուժի կողմից, որովհետև ընտրողների մեծամասնությունը հակված էր քվեարկելու իշխանության թեկնածուների օգտին, իսկ շուրջ 40 տոկոսը ընդդիմության»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության արձանագրած արդյունքներին, Գ.Մինասյանը հիշեցրեց, որ կուսակցությունը անցած նախագահական ընտրություններում մնաց միայնակ և ընդդիմադիր դաշտում հավաքեց այն ամենը, ինչին կարող էին հավակնել ընդդիմադիր ուժերը: Իսկ երբ այդ ուժերը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, ապա, ըստ էության, այդ 40 տոկոսը բաշխվեց նրանց միջև.
«Նրանց չարդարացված գործելաոճն էլ բերեց նրան, որ նրանք նույնիսկ չկարողացան հայտնվել Երևանի ավագանու կազմում և «Բարգավաճ Հայաստանը» կարողացավ վերցնել այդ քաղուժերի ձայները: Բացի այս, քաղաքական գործընթացներում անթույլատրելի վրիպումների պատճառով կարծում եմ «Ժառանգությունը» հավաքեց փոքր ավելի քիչ քանակով ձայներ, քան կարող էր հավաքել: Այդ մասին միայն ես չէ, որ ասում եմ, ըստ էության անվանափոխումը շատ ընտրողների մոտ առաջացրեց շփոթ և այլ խնդիրներ ևս»,- նշեց Գ.Մինասյանն ու ավելացրեց, որ չնայած եթե այդ պահվածքը չլիներ էլ, ապա ձայների դասավորվածությունը էական փոփոխություն չէր կրի:
Բանախոսը նշեց, որ ՀՀԿ-ն շահեկանորեն լավ վիճակում էր այս ընտրություններում, որովհետև քաղաքացիները տեսնում են այն դրական փոփոխությունները, որ եղել են անցած տարիներին: Բայց այս իմաստով ՕԵԿ-ը, օրինակ, ոչ այնքան շահեկան վիճակում էր հայտնվել, որովհետև պարոն Երիցյանը թեև բավականին հաջող պաշտոնավարել է նախարարի պաշտոնում, սակայն ընտրողների համար դժվար էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի պարոն Երիցյանը քաղաքապետի պաշտոնում.
«Սրանով մեծապես պայմանավորված էր այն հանգամանքը, որ ՕԵԿ-ը հավաքեց այդպիսի տոկոսներ: Իսկ բացի այս, նախորդ ավագանիում ՕԵԿ-ը ևս ներկայացված չէր»,- կոալիցիոն գործընկերոջ ֆիասկոն պարզաբանեց Գագիկ Մինասյանը: