Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է առաջադրվել
Իրանի նախագահի թեկնածուի 75 հավակնորդ արդեն պաշտոնապես գրանցվել է:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը:
Իրանի ՆԳ նախարարի տեղեկացմամբ՝ նախօրեից սկսվել է թեկնածուների պաշտոնական գրանցումը, որը կտևի մինչև առաջիկա շաբաթ օրը: Երեկվանից արդեն 75 թեկնածու է պաշտոնապես գրանցվել, որոնցից միայն 5-ն են հայտնի դեմքեր:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ 46-ամյա Ռազիե Օմիդվարն առաջին կին թեկնածուն է, որ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու:
Նկատենք, որ ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի 12-ից 16-ը պետք է որոշում կայացնի, թե առաջադրված թեկնածուներից ով կարող է մասնակցել հետագա ընտրապայքարին: Ամսի 17-ից 21-ը Պահապանների խորհուրդը կքննի ստացված բողոքները, իսկ մայիսի 22-ից 23-ը ՆԳ նախարարությունը կհայտարարի վավերացված թեկնածուների ցանկը: Թեկնածուներն իրենց քարոզարշավը կանցկացնեն մայիսի 24-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում:
Տեղեկացնենք, որ հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներն են՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, ԻԻՀ Մեջլիսի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ԻԻՀ առողջապահության նախկին նախարար-Քամրան Բաղերի Լանքերանի, ԻԻՀ նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի, ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին:
Հնարավոր է, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի նախկին ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշային ևս առաջադրի իր թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան