Փաստաբանի համար սպասելի էր ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի որոշումը
Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի համար սպասելի էր, որ Վճռաբեկ դատարանը կորոշի վերադարձնել գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության:
«Ես ակնկալում էի, որ եթե արդարացման ակտ չկայացնի, ամեն դեպքում պետք է հետ վերադարձվեր գործը նոր քննության: Դա էի ավելի շատ հնարավոր համարում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այսօր Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ասաց տղաների փաստաբան Ստեփան Ոսկանյանը, որը ներկա չէր այսօրվա դատաքննությանը: Նշենք, որ այս գործով անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի փաստաբանը Վահե Գրիգորյանն է:
Նրա խոսքով, Վճռաբեկ դատարանի հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել: «Չնայած էական այլ խախտումներ էլ կային, և ես այս պահին չգիտեմ, դրանց անդրադարձե՞լ է Վճռաբեկ դատըարանը, թե՞ ոչ», -հավելեց փաստաբանը` նկատելով, որ Վերաքննիչ դատարանում թույլ տված խախտումների համարում է այն, որ ամբաստանյալներին թույլ չի տրվել հանդես գալ ավարտական ելույթով նույն հնարավորությունից զրկվել են նաև պաշտպանները, ինչպես նաև այն, որ վկաները չեն կանչվել դատարան:
«Վճռաբեկ դատարանը կարող էր արդարացման վերաբերյալ դատական ակտ կայացնել: Պարզապես երևի ցանկացել են այդ բոլոր խախտումները վերացնել ու նոր հետո սկսել», -հավելեց փաստաբանը:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանն այսօր որոշել էր մասնակիորեն բավարարել փաստաբանների բողոքը և հետ ուղարկել գործը Վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության: Փաստաբանները իրենց Վճռաբկ բողոքում խնդրել էին բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, կարճել գործի քննությունը կամ կիրառված պատիժը մեղմացնել:
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:
Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախորդող հրապարակումներ. ՀԱԿ ակտիվիստների գործը վերաքննիչը կքննի նորից
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը (տեսանյութ)
«Հան-ցա-գործ-ներ, ա-մոթ». Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտվիստների դատն անցավ լարված մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին